ԱՄՆ մի խումբ սենատորներ իրենց աջակցությունն են հայտնել Սաակաշվիլիին

14:12 • 29.07.14

ԱՄՆ մի խումբ սենատորներ քննադատել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ նրա իսկ հայրենիքում սկսված քրեական հետապնդումը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակված է հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնի պաշտոնական կայքում, փոխանցում է Лента-ն։

 

Բացի նրանից, փաստաթուղթը ստորագրել են Մերիլենդ նահանգից սենատոր, Դեմոկրատական կուսակցության անդամ Բեն Կարդինը, նրա համակուսակից, Նյու Հեմփշիրից սենատոր Ջին Շահինը և Այդահո նահանգից հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը։

 

Հայտարարությունում նշվում է, որ ամերիկյան քաղաքական գործիչները հիասթափված են Վրաստանի նոր իշխանությունների որոշումից՝ հետաքննություն սկսել վրացի նախկին առաջնորդի հանդեպ, և որ դա «ստեղծում է ավելորդ դժվարություններ» երկու երկրների միջև հարաբերություններում։

 

«Իհարկե, Սաակաշվիլին և նրա կառավարությունն ունեցել են թերություններ, և երկրի հետագա ժողովրդավարական զարգացման համար կարևոր նշանակություն ունի օրենքի գերակայությունը։ Սակայն քրեական հետապնդումը չպետք է լինի քաղաքական վրեժի զենք, հատկապես, երբ Վրաստանը կանգնած է նոր խնդիրների առաջ»,- մեկնաբանել են սենատորները։

 

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել Սաակաշվիլիի դեմ։