ԱՄՆ-ն և ԵՄ-ն այս շաբաթ կարող են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

08:42 • 29.07.14

ԱՄՆ-ն Եվրամիության հետ ընթացիկ շաբաթվա մեջ կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված: Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Թոնի Բլինքենը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Մենք ենթադրում ենք, որ անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ միջոցներ, և հենց դա են մտադիր անել այս շաբաթ եվրոպացիները և Միացյալ Նահանգները»,- ասել է Բլինքենը: Նրա խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ Վաշինգտոնում չեն նկատել Մոսկվայի դիրքորոշման մեջ ռազմավարական փոփոխություններ:

 

«Մենք ակնկալում ենք, որ այս շաբաթ եվրոպացի առաջնորդները հավելյալ քայլեր կձեռնարկեն՝ ուղղված  ռուսական տնտեսության կարևորագույն ոլորտների դեմ»,- հավելել է Բլինքենը:


Նա վստահեցրել է նաև, որ ավելի վաղ սահմանված պատժամիջոցներն արդեն բացասաբար են անդրադառնում ՌԴ-ի վրա: