Իրեղեն ապացույցների պահպանումը շատ կարևոր է հետագայում գործերի վերաբացման տեսանկյունից. իրավական լրագրող

23:41 • 29.07.14

Իրավական լրագրող Զարուհի Մեջլումյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններին, ասաց, որ դեռևս 4 տարի առաջ, երբ սկսել է ուսումնասիրել հին քրեական գործերը, որոնք պատժի առավելագույն չափին էին վերաբերվում, ու վերջին 8 ամսվա ընթացքում դատարանների արխիվում աշխատելով՝ նկատել է, որ դատավճիռների վերջում գրվում է մի ստանդարտ նախադասություն՝ իրեղեն ապացույցները ոչնչացնել:

Զարուհի Մեջլումյանը նշեց, որ քրեական գենետիկայի մասնագետները ԴՆԹ թեստի հիմքով և նրա շնորհիվ, որ ամերիկյան պետությունը պահպանում է քրեական գործերով իրեղեն ապացույցները, սկսել են վերաբացել 80-ականների և 90-ականների գործեր, մասնավորապես՝ մահապատժի դատապարտվածների, ցմահ ու երկարատև ազատազրկվածների գործերը:


«ԴՆԹ թեստը ցույց է տալիս, որ նույնիսկ 30 տարի առաջ դատապարտվածն անմեղության դատավճիռով կարողանում է վերադառնալ ազատություն: Այսինքն՝ իրեղեն ապացույցների պահպանումը շատ կարևոր է հետագայում գործերի վերաբացման տեսանկյունից»,-ասաց լրագրողը:

Վերջինիս խոսքով՝ երբ տեսել է, որ մեզ մոտ չկան իրեղեն ապացույցներ, սկսել է օրենսդրության մեջ փնտրել, թե ինչպես են պահպանվում դրանք, և հայտնաբերել է, որ մեր օրենսգրքում բացակայում է այն նորմը, որ իրեղեն ապացույցները պետք է պահպանվեն կյանքի դեմ ուղղված կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերում:


«Դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ դատաիրավական բարեփոխումների քառամյա ծրագրի շրջանակում փոխվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը: Աշխատանքային խմբի հետ հանդիպումների ժամանակ ես բարձրացրեցի այդ հարցը՝ ասելով, որ զարգացած աշխարհը և իրավական պետությունները վաղուց արդեն գնում են իրեղեն ապացույցների պահպանման հիմքով ԴՆԹ թեստի կիրառմանը, և եթե մեզ մոտ երևան եկած որևէ նոր հանգամանք լինի, մենք չենք կարող մեր հին գործերին անդրադառնալ»,-պատմեց Զարուհի Մեջլումյանը՝ շարունակելով. «Երբ քրեական գենետիկայի մասնագետ Գրեգ Համփիկյանը հարցրեց, թե ինչ կարելի է անել Հայաստանում քրեական գենետիկայի ոլորտում, և ինչպես են պահպանվում իրեղեն ապացույցները, ես պատասխանեցի, որ չեն պահպանվում: Նա զարմացած նշեց, որ ԱՄՆ-ում 2 մլն դատապարտյալ կա, և եթե նույնիսկ նրանցից մեկն է անմեղ, ապա արժի, որ համակարգը վերանայի իր մոտեցումը, և փաստ է, որ իրեղեն ապացուցը անմեղ մարդուն հասարակություն վերադարձնելու գործիքներից մեկն է»:

Այսինքն՝ ըստ լրագրողի՝ դատական սխալի հավանականությունն ընդունում են նույնիսկ պարբերաբար կատարելագործվող դատաիրավական համակարգ ունեցող պետություններում, և միշտ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի դատական սխալները հնարավորինս շտկվեն: Այդ գործիքներից մեկը բացակայում է մեզ մոտ:

Այդպիսով՝ քրեական գենետիկայի մասնագետ Գրեգ Համփիկյանի առաջարկով որոշել են օրենքում փոփոխություն կատարել:
«Աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը շատ տրամաբանական համարեց այս առաջարկը, ու քրեական դատավարության օրենսգրքի նախագծում ընդգրկվեց նոր կետ՝ հոդված 100-ի 2-րդ կետը, ըստ որի՝ կյանքի դեմ ուղղված հանցագործությունների և առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման, դրանք պետք է պահպանվեն այնքան, որքան կենսաբանորեն հնարավոր է պահպանել:

Դա պետք է արվի թանգարանային նմուշի պես՝ անհրաժեշտ ջերմային ռեժիմով: Եթե պետությունը պահպանում է մարդու կյանքը, ապա պետք է պահպանի նաև այն իրեղեն ապացույցները, որոնք տվյալ մարդու գործով ճանաչվել են իրեղեն ապացույցներ»,-ավելացրեց Զարուհի Մեջլումյանը: