«Ազատագրված Ջանգոն» ֆիլմի աստղ Ջեյմի Ֆոքսը կխաղա Մայք Թայսոնի դերը
Նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնի դերը նրա մասին ֆիլմում կխաղա «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի աստղ Ջեյմի Ֆոքսը, հայտնում է The Guardian-ը:
Այդ մասին պատմել է Թայսոնը հարցազրույցներից մեկի ժամանակ՝ ասելով, որ Ֆոքսը կմարմնավորի իրեն իր կյանքի տարբեր տարիներին:
Քանի որ Թայսոնն այժմ 48 տարեկան է, իսկ Ֆոքսը՝ 46, ֆիլմը ստեղծողները երիտասարդ Թայսոնի մասնակցությամբ տեսարանները նկարահանելու համար պետք է դիմեն համակարգչային անիմացիայի օգնությանը: Մարզիկը հայտնել է նաև, որ ֆիլմի ստեղծմանը մասնակցություն է ունենալու ռեժիսոր Մարտին Սկորսեզեն:
«Մենք Ջեյմի Ֆոքսի հետ այժմ քննարկում ենք նրա դերը: Մենք մեկ կամ մեկուկես տարի անց կպատմենք Մայք Թայսոնի կյանքի պատմությունը»,- ասել է մարզիկը:
20 տարեկանում Թայսոնը դարձել է ամենաերիտասարդ չեմպիոնը ծանրքաշային կարգում և նվաճել է WBC, WBA և IBF կոչումները: 1992 թվականին նրան մեղադրել են բռնաբարության մեջ: 1997թ.-ին Մայք Թայսոնն անցկացրել է հայտնի պայքարն Էվանդեր Հոլիֆիլդի հետ, որի եզրափակիչում կծել է հակառակորդի ականջը: 2003թ.-ին Թայսոնը հայտարարել է սնանկության մասին, չնայած նրան, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում կարողացել է աշխատել 300 միլիոն դոլար:










