20 օրվա ընթացքում շատ բան եմ սովորել թե՛ որպես երգիչ, թե՛ որպես մարդ. Սոնա Ռուբենյան

10:13 • 30.07.14

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը վերադարձել է հայրենիք:


Մեր պատվիրակը հեղինակավոր մրցույթում ըստ արժանվույն է ներկայացրել Հայաստանը՝ իր հետ բերելով հանդիսատեսի և ժյուրիի անդամների սերն ու համակրանքը:


«Տպավորություններս շատ տարբեր են: 20 օրվա ընթացքում շատ բան եմ սովորել թե որպես երգիչ, թե որպես մարդ: Շատ մեծ փորձ էր, այս քսան օրվա ընթացքում հասկացա, թե ինչքան մեծ էր իմ հայրենակիցների աջակցությունը»,-«Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում նշել է Սոնա Ռուբենյանը:


Հայ երգչուհին զարմացել էր այն փաստից, որ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը նրան հանձնեց երգիչ Ֆիլիպ Կիրկորովը: «Մրցանակը հանձնելուց երկու օր առաջ շոկի մեջ էի, երբ Ֆիլիպ Կիրկորովն ու Լեոնիդ Ագուտինը հոտնկայս 11-երը ձեռքերին սկսեցին ծափահարել: Ես նման բան ամենաքիչը Կիրկորովից կսպասեի, բայց շատ ուրախ եմ, որ հենց նա հանձնեց ինձ իմ մրցանակը»,-ուրախությամբ նշեց Սոնան:

«Նոր ալիք»-ում Ռուբենյանը հանդիպել է ռուսական էստրադայի իր ամենասիրելի երգիչներից մեկի՝ Լեոնիդ Ագուտինի հետ: «Շատ եմ սիրում նրան: Շատ լավ խոսքեր ասաց ինձ, նշեց, որ մեծ բարձունքների եմ հասնելու և ափսոսանք հայտնեց, որ առաջին օրը ցածր գնահատական է դրել»,-ասել է երգչուհին: Մրցույթի մասնակիցների հետ Սոնան մինչ օրս կապի մեջ է և համոզված է, որ իրենց ընկերությունը կշարունակվի:

«Նոր ալիք»-ի մեր պատվիրակին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է հոծ բազմություն: «Դիմավորողները շատ էին՝ ընկերներս, հարազատներս և մարդիկ, ովքեր պարզապես ինձ դիմավորելու ցանկություն էին հայտնել: Շատ էի կարոտել թե Երևանը, թե մտերիմ մարդկանց: Ընկերներս շատ հետաքրքիր բան էին մտածել՝ 11 թվի տեսքով փուչիկներ էին գնել և այդ փուչիկներով՝ 11 գնահատականներով դիմավորեցին ինձ»,-նշել է նա:

Սոնան այժմ ցանկություն ունի փոքր-ինչ հանգստանալ: Այնուհետև աշնանը համերգով հանդես կգա ԱՄՆ-ում, որից հետո կսկսի աշխատել իր ձայնասկավառակի ստեղծման ուղղությամբ:

Սոնա Ռուբենյանը «Մանկական նոր ալիք» մրցույթի մեր այս տարվա մասնակցին՝ Դավիթ Վարդանյանին մաղթում է, որ պատանին լավ ներկայանա մրցույթում:

«Մաղթում եմ, որ Դավիթը չհուզվի և բեմում ըստ արժանվույն ներկայացնի իրեն և մեր երկիրը: Երբ գնում էի «Նոր ալիք», մի փոքր այլ կերպ էի տրամադրված. ասում էի՝ գնում եմ հաղթելու: Պարզապես այնտեղ հասկացա, որ հաղթանակը քեզնից կախված չէ, քեզնից կախված է լավ ելույթը և հայրենիքդ պատշաճ ներկայացնելը: Մնացածը կարևոր չէ: Կարևորը լավ երգելն է»,-եզրափակեց Ռուբենյանը:

Հիշեցնենք, որ «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:


 

20 օրվա ընթացքում շատ բան եմ սովորել թե՛ որպես երգիչ, թե՛ որպես մարդ. Սոնա Ռուբենյան