Վրաստանի բնակավայրերից մեկում խոսում են արամեերեն՝ Փրկչի լեզվով
Քչերը գիտեն, որ Վրաստանի Մցխեթի շրջանում՝ Թբիլիսիից ոչ հեռու, գտնվում է Կանդա գյուղը, որի բնակչության 90%-ն ասորիներ են և խոսում են արամեերեն՝ Հիսուս Քրիստոսի լեզվով։ Այդ մարդկանց պատմական հայրենիքը Միջագետքն է, գրում է newsru.com-ը։
Լրագրողներն այցելել են Կանդայի բնակիչներին և ծանոթացել գյուղացիների այժմյան կյանքին։ Տեղի դպրոցի մոտ նստած կանայք «կոտրված» վրացերենով բացատրել են լրագրողներին, որ այդտեղ շփման լեզուն արամեերենն է։ Շատ բանի կարիք ունեն Կանդայի բնակիչները, չունեն մանկապարտեզ, դպրոցի պատերն այնքան են հնացել, որ երեխաներն այնտեղից կեղտոտ են դուրս գալիս, կառուցված չէ ջրամատակարարման համակարգը, քիչ են վաստակում։ Սակայն գյուղացիները կարծում են, որ ապրում են Վրաստանի մյուս գյուղական համայնքներից ոչ վատ, ոչ լավ։ Սակայն նրանք ունեն մի բան, որը հնարավոր չէ հայտնաբերել այլ վայրերում։
«Ալ կաինա»՝ արամեերենով նշանակում է «ջուր»։ Դա հնագույն աղբյուր է, որն ունի հատուկ պատմական առաքելություն։ Այն ոչ միայն գյուղն է ապահովում խմելու ջրով։ Մոտ 20 տարի առաջ այս վայրում գյուղացիները կառուցել են Սբ Նինայի մատուռը, որտեղ յուրաքանչյուր կիրակի գյուղացիները մոմ են վառում։
Գյուղի բնակիչների հիմնական եկամուտն արհեստներն են։ Այստեղ ապրում են Վրաստանի ամենահայտնի շինարարները։ 82-ամյա Գրիշա Աթանեզովը բոլորին հայտնի է շրջանում. նա բնակելի տների պատերի փորագրությունների վարպետ է։
Նրա խոսքով՝ ասորիները Վրաստան են եկել Իրանից մոտ 200 տարի առաջ։ «Այս բնակավայրի հիմնադրման օրվանից այստեղ բոլորը խոսում են արամեերեն։ Եվ չեն ցանկանում կորցնել մայրենի լեզուն, չէ՞ որ դա Քրիստոսի լեզուն է»,- պատմել է վարպետը՝ նշելով, որ ասորական սուրբ գրքերում Ամենազորը խոսել է առաջին մարդու՝ Ադամի հետ հենց արամեերեն, Քրիստոսը հրաշքներ գործելիս Երկնային Հորն է դիմել արամեերենով։










