Մոլդովան առաջին անգամ հրավիրվել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
Մոլդովայի Հանրապետությունն առաջին անգամ կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերի սկզբին Հարավային Ուելսում: Այդ մասին հայտնել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նատալյա Գերմանը, գրում է korrespondent.net-ը:
«Մոլդովան այս տարի ակտիվ մասնակցել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին, ինչպես նաև իր KFOR ստորաբաժանումն է ուղարկել Կոսովո: Այդ գործողությունների շնորհիվ Մոլդովային առաջին անգամ հրավիրել են մասնակցելու դաշինքի գագաթաժողովին, որը կանցկացվի այս տարվա սեպտեմբերի սկզբին»,- նշել է Գերմանը:
Դիվանագետը հույս է հայտնել, որ գագաթաժողովի ժամանակ կքննարկվի նաև Մոլդովայի Հանրապետության տարածքից 14-րդ ռուսական բանակի զորակազմը հանելու հարցը, որը տեղակայված է Մերձդնեստրի տարածքում:
Հունիսի սկզբին հայտնի էր դարձել, որ Մոլդովայում ցանկանում են ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցչություն բացել: Մոլդովայի իշխանությունները հայտնել են, որ ցանկանում են ՆԱՏՕ-ի ներկայացուցչության բացումը Կիևի և Թբիլիսիի օրինակով:










