Իսրայելի ռմբակոծության հետևանքով ոչնչացվել է Գազայի միակ էլեկտրակայանը
Իսրայելի օդուժն իրականացրել է Գազայի հատվածի՝ առայսօր ամենաանողոք օդային ռմբակոծումը, ինչի հետևանքով ոչնչացվել է Գազայի միակ էլեկտրակայանը, հայտնում է The Guardian-ը:
«Էլեկտրակայանն այլևս չկա»,- ասել է դրա տնօրեն Մոհամմեդ ալ Շարիֆը՝ ընդգծելով, որ Գազայի 1.8 մլն բնակչության համար սա ճգնաժամային նոր իրավիճակի սկիզբն է։ Պաղեստինյան իշխանությունները նշել են, որ իրենցից կպահանջվի առնվազն 1 տարի էլեկտրակայանը վերանորոգելու համար։
Այս միջադեպին անդրադարձել է նաև հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ այդպիսով հրեական կողմը որոշել է հավաքական կերպով պատժել բոլոր պաղեստինցիներին։
Բրիտանական պարբերականը հավելում է, որ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով չորեքշաբթի զոհվել է 21 պաղեստինցի, մինչդեռ երեկ զոհերի թիվը գերազանցել է 100-ը։
Հայտնի է, որ հուլիսի 8-ին Իսրայելի ու Պաղեստինի միջև վերսկսված հակամարտությանն առայսօր զոհ է գնացել ավելի քան 1.000 մարդ։










