Pussy Riot-ի աղջիկները ՌԴ-ից 250 000 եվրո են պահանջում` օգտվելով քաղաքական իրավիճակից. փաստաբան
Pussy Riot փանք խմբի անդամների` Ռուսաստանում բարոյական վնասի համար 250 000 եվրո փոխհատուցում ստանալու պահանջը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու շրջանակներում քաղաքական իրավիճակից օգտվելու փորձ է: РИА Новости-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել «Կլիշին և գործընկերներ» փաստաբանների միջտարածքային կոլեգիայի փաստաբան Վլադիմիր Էնտինը:
Pussy Riot-ի անդամներ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան 2012-ին դատապարտվել են երկու տարվա ազատազրկման այսպես կոչված՝ Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում փանք-աղոթքի համար: 2013-ի դեկտեմբերին Ալյոխինան և Տոլոկոննիկովան ազատ են արձակվել գաղութից` ՌԴ Սահմանադրության 20-ամյակին նվիրված համաներման շրջանակներում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան ցանկանում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով Ռուսաստանին ստիպել փոխհատուցել իրենց բարոյական վնասը՝ քրեական հետապնդման համար: Աղջիկներից յուրաքանչյուրը 120 000 եվրո է պահանջում, իսկ մնացածը դատական ծախսերի գումարն է:










