Բուշ կրտսերը գիրք է գրել հոր մասին

09:58 • 31.07.14

ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կենսագրական գիրք է գրել հոր՝ ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մասին, գրում է gazeta.ru-ն:

 

«Դեռ երբեք նախագահը չէր պատմել իր հոր՝ ևս մի նախագահի պատմությունը՝ ամեն ինչի նայելով սեփական աչքերով: Տվյալ կենսագրությունը կլինի շատ յուրահատուկ և շատ անձնական»,- նշել են Crown հրատարակչատանը:

 

Նախատեսվում է, որ գիրքը լույս կտեսնի նոյեմբերի 11-ին: Գրքի տպաքանակը կկազմի 1 միլիոն օրինակ: Բացի այդ՝ կթողարկվի նաև աուդիոգիրք:


«Ջորջ Բուշ ավագը մեծ քաղաքական գործիչ և հայր է: Ինձ դուր եկավ նկարագրել նրա կյանքի պատմությունը, և հուսով եմ, որ բոլորին դուր կգա այն կարդալ»,- ասել է Բուշ կրտսերը:

 

Գիրքը ներառում է Բուշ ավագի կյանքի և կարիերայի ողջ ծավալը, այդ թվում՝ նրա ծառայությունը Խաղաղ օվկիանոսում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նրա «նորարարական աշխատանքը» Տեխասի նավթային բիզնեսում, ԱՄՆ Կոնգրեսում քաղաքական վերելքը, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում աշխատանքը և Սպիտակ տանն անցկացրած տարիները:

Բուշ կրտսերը գիրք է գրել հոր մասին