Կհրատարակվի պատմական հայրենիքի 10.000 բնակավայրերի մասին 36 հատորյա գրքաշար՝ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ

12:55 • 01.08.14

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը շուտով կհրատարակի «Հայաստանի պատմություն»՝ հայրենիքի 10.000 բնակավայրերի մասին 36 հատորյա գրքաշարը, որն արդեն հոկտեմբերին վերջնական տարբերակով կհանձնվի տպարանին: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը: 

«Արևմտյան Հայաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում շատ նոր բացահայտումներ արեցինք, դեպի հարավ շատ հետաքրքիր հուշարձաններ արձանագրվեցին, հատկապես՝ Կարսի և Սարիղամիշի շրջաններում: Հիմնականում եկեղեցիներ են կամ վանքեր, գնալով գերակշռում են դիմափոր հուշարձանները: Իսկ ավելի մեծ թիվ կազմող քարաշեն կառույցների թիվը պակասել է, ինչ էլ կա, հետքեր են միայն: Նույնիսկ դիմափորները քանդվում են, ժայռերը պայթեցնում են»,-ասաց նա և ավելացրեց, որ, ցավոք սրտի, թուրքական իշխանությունները տասնամյակների ընթացքում հիվանդացրել են իրենց ժողովրդին՝ մշտապես հայկական գանձերի մասին թմբկահարելով, ու մինչև հիմա էլ դեռ թուրքերը հայկական հուշարձանների տակ գանձեր են փնտրում:

Դառնալով գրքաշարին՝ Սամվել Կարապետյանը նշեց, որ 36 հատորից բաղկացած մատենաշարի առաջին հատորում խորհրդանշական ձևով որոշել են ներկայացնել Հայոց ձոր գավառի շուրջ հարյուրից ավել գյուղերը: 

Նա նաև ասաց, որ երբ բոլոր հատորները հերթով կողք կողքի դրվեն, պատմական Հայաստանի քարտեզի պատկերը կստացվի: 

«Սա շատ մեծ նախագիծ էր, միայն տպագրությունը մեծ ծախսեր էր պահանջում, և սա մեր հիմնադրամի բյուջեում չէր կարող տեղավորվել, բայց այս մատենաշարը չհրատարակել չէինք կարող: Մտածեցինք բաժանորդագրության ճանապարհը օգտագործել, և հիմա պետք է տարածել բաժանորդագրության մասին, որպեսզի այն հրատարակվի»,-ասաց հիմնադրամի ղեկավարը։ 

Մատենաշարում ներառված կլինեն Մեծ և Փոքր Հայքի բոլոր գավառները. այն նվիրված է Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման 100-ամյակին:
 

Կհրատարակվի պատմական հայրենիքի 10.000 բնակավայրերի մասին 36 հատորյա գրքաշար՝ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ