Ուկրաինան կարգելի 500 ռուս արտիստների մուտքը երկիր՝ Ղրիմի պատճառով
Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են մոտ ապագայում արգելել 500 ռուս մշակույթի գործիչների մուտքը երկիր, ովքեր սատարում են Ղրիմի անեքսիային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոյին:
«Մենք այժմ պատրաստում ենք համապատասխան ցուցակ, որտեղ կընդգրկվեն Ղրիմի անեքսիային և Ուկրաինայի բաժանմանը հավանություն տված ռուս գործիչները: Ես ճիշտ եմ համարում նրանց թույլ չտալ գումար վաստակել Ուկրաինայում համերգների և ելույթների ժամանակ, թող գնան ելույթ ունենան Ղրիմի դատարկ ծովափերում՝ ճայերի առաջ»,- գրել է Գերաշենկոն Facebook-ի իր էջում:
Արգելքի մասին հաղորդագրության առիթ է դարձել Օդեսայում ուկրաինացի երգչուհի Անի Լորակի համերգից առաջ տեղի ունեցած ծեծկռտուքը:
Ավելի վաղ ՌԴ օգտին արտահայտությունների և Ղրիմի անեքսիայի առնչությամբ տուժել են երգչուհի Վալերիան, Օլեգ Գազմանովը և Իոսիֆ Կոբզոնը, որոնց թույլ չեն տվել մասնակցել լատվիական Յուրմալայում անցկացված «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին։










