Օգոստոսի 7-ին լրանում է ասորիների ցեղասպանության 100-ամյակը
Օգոստոսի 7-ին լրանում է ասորիների ցեղասպանության 100-ամյակը: Այդ առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում ասորիների «Աթուր» միության քարտուղար Ռազմիկ Խոսրոևը ներկայացրեց «Համաշխարհային ասորական ալյանսի» ուղերձը աշխարհի դիվանագետներին: Ուղերձում մասնավորապես դատապարտվում էր 1915թ-ին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը՝ հայերի, ասորիների ու հույների նկատմամբ: Նրանք պահանջում են արդարության վերականգնում և Թուրքիայի տարածքում ապրած ազգային փոքրամասնությունների ինքնության ճանաչում:
Ռազմիկ Խոսրոևն ընդգծեց, որ ասորիների ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս: «Այն ինչ կատարվում է այսօր Իրաքում, հատկապես՝ Մոսուլում, որտեղ իրենց պապենական հողերի վրա շուրջ 40-50 հազար ասորիներ են ապրում, շարունակվում է նրանց ոչնչացումը: Ստիպում են դավանափոխ լինել, չլինելու դեպքում բարձր հարկեր են դրվում: Նրանք ստիպված են թողնել իրենց պապենական հողերն ու տեղափոխվել: Մենք այնքան ռեսուրս չունենք ինչքան հայերը, մենք շատ ենք ցրված չունենք պետություն, Սահմանադրություն, բոլոր միջոցառումները մասնավոր բնույթ են կրում: Ամեն դեպքում, մեր ջանքերով մի քանի երկրներ ընդունել են ասորիների ցեղասպանությունը՝ Շվեդիան, Ավստրալիայի խորհրդարանը, «Ցեղասպանությունների միջազգային ասոցիացիան»»,- ասաց նա:
Հայաստանի արևելքի ասորական կաթողիկոսության Սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Նիկադիմ Մուխանաևը նշեց, որ ինքն ընդամենը անցած տարի Իրաքում ուսանում էր, իսկ այսօր արդեն իր հայրենակիցներին վտարում են պապենական տարածքներից: «Կոչ ենք անում գերտերություններին բացել աչքերը ու տեսնել. թե ինչ է կատարվում աշխարհում: Մեր հույսը միայն Աստծո վրա է և աղոթում ենք, որ Աստված գթությամբ լցնի վայրագների հոգիները»,- ասաց նա:
Ռազմիկ Խոսրոևը տեղեկացրեց, որ երկու օր հետո ասորիների ցեղասպանության քարի մոտ՝ Նալբանդյան արձանի հարակից տարածքում հոգեհանգստի պատարագ կմատուցվի զոհերի հիշատակին:










