Դորսեթի 5-ամյա քաղաքապետը պարտվել է ընտրություններում

17:31 • 05.08.14

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Դորսեթ փոքր քաղաքի հնգամյա քաղաքապետը պարտվել է ընտրություններում՝ իր երրորդ ընտրաշրջանում:

 

Ռոբերտ Տաֆտսը, ում քաղաքի բնակիչներն անվանում են Բոբի, զիջել է քաղաքապետի պաշտոնը 16-ամյա Էրիկ Մյուլերին, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: Տղայի մայրը պատմել է, որ նրանք ընտանիքում կատակում են, թե պատրաստվում են 2048 թ.-ի նախագահական ընտրություններին:

 

Դորսեթ քաղաքը չունի քաղաքային վարչակազմ, և բնակիչների քվեարկությունը ձևական բնույթ է կրում: Քվեատուփերը գտնվում են քաղաքի տարբեր խանութներում, և քվեարկելու համար պետք է վճարել 1 դոլար: Քվեարկության ամբողջ հասույթը փոխանցվում է «Taste of Dorset Festival» անվանումով փառատոնի կազմակերպմանը:

 

Դորսեթ քաղաքը գտնվում է Մինեապոլիսից 240 կմ հյուսիս-արևմուտք: Դորսեթի բնակիչների թիվը բավական հաճախ է փոփոխվում՝ տարբեր ժամանակահատվածներում կազմելով 9-ից 28 հոգի: