Լոնդոնում վաճառքի է հանվել «Թագավորը խոսում է» ֆիլմի առանձնատունը (լուսանկարներ)

16:31 • 05.08.14

Լոնդոնյան առանձնատունը, որտեղ նկարահանվել է «Թագավորը խոսում է» օսկարակիր ֆիլմը, վաճառքի է հանվել, գրում է rbc.ru-ն։

 

Առանձնատունը գտնվում է Լոնդոնի Մերիլեբոն թաղամասում։ Ընդհանուր 1.800 քմ տարածքով տանը կա 21 ննջասենյակ, 13 լոգարան, 9 հյուրասենյակ։ Շինությունը նախագծել է թագավորական ճարտարապետ Ռոբերտ Ադամը մոտ 1176-ին։ Տունը վաճառքի է հանվել մոտ 42-50 մլն դոլարով։

 

Ըստ «Թագավորը խոսում է» ֆիլմի սցենարի՝ առանձնատանն ապրել և հիվանդների է ընդունել լոգոպեդ Լայոնել Լոգը, ում մարմնավորել է Ջեֆրի Ռաշը։ Նրա մոտ այցելության համար գրանցվում է հերցոգ, հետագայում բրիտանական թագավոր Գեորգ 6-րդը, ում դերը կատարել է Քոլին Ֆյորթը։ Հերցոգը, որն, ի դեպ, ներկայիս թագուհի Էլիզաբեթ 2-րդի հայրն է, տառապում է կակազությամբ, և բժիշկը ֆիլմի ամբողջ ընթացքում փորձում է բուժել նրան։

 

Բացի ֆիլմից, առանձնատունն օգտագործվել է նաև երաժշտական տեսահոլովակների և ֆոտոսեսիաների համար։ Տունը հայտնի է նաև էլիտար միջոցառումներով, այստեղ որպես հյուր եղել են Փերիս Հիլթոնը, Հյու Գրանտը, Քեյթ Մոսը, Միք Ջագերը, Էմի Ուայնհաուսը, Հյու Լորին և շատ ուրիշներ։

 

 

Լոնդոնում վաճառքի է հանվել «Թագավորը խոսում է» ֆիլմի առանձնատունը (լուսանկարներ)