«Էդիթ պրինտ» հրատարակությունը ներկայացրեց «Էլեկտրոնային այբուբեն» ծրագիրը
«Էդիթ պրինտ» հրատարակությունը ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ անցկացվող Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովին ներկայացրեց «Էլեկրտոնային այբուբեն» ծրագիրը: Մանկավարժական համալսարանի դասախոս, հանրակրթական դպրոցում գործող այբբենարանի համահեղինակ Լիլիթ Տեր-Գրիգորյանը նշեց, որ այդ ծրագրի նպատակը երեխաներին հայերեն հնչյուններին և տառերին ծանոթացնել է, և զուգահեռաբար այն զարգացնում է երեխայի ճանաչողական գիտելիքները, տրամաբանական մտածողությունը:
«Սա առաջին նման փորձն է և չի կարող անթերի լինել, սակայն այդ ծրագիրը պետք է ընդլայնվի և միտում ունի դառնալու ուսուցողական: Առայժմ սա խաղային ծրագիր է, որը նաև ունի կրթական, ուսուցողական արժեք»,-ասաց նա:
Լիբանանի Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնի «Հայ մանկավարժ» ուսումնագիտական հանդեսի վարիչ, տնօրեն Վարդան Թաշճյանը ներկայացրեց «Հայոց լեզվի ուսուցման ծրագիր» ուսումնագիտական և մանկավարժական հանդեսը:
«Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչները ներկայացրեցին Յուրի Ավետիսյանի և Հովհաննես Զաքարյանի հեղինակած «Հայոց լեզու» լիակատար ժողովածուն, որի միջոցով Սփյուռքի ուսուցիչները և քաղաքացիները կարող են սովորել արևելայահերեն:
«Զանգակը» Հրատարակել է նաև երաժշտության դասագրքեր, որոնք կարող են կիրառվել Սփյուռքի դպրոցներում: Ներկայացվեց նրանց հրատարակած «Հայոց պատմություն» դասագիրքը 6-12-րդ դասարանների համար:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Արտակ Մովսիսյանը ներկայացրեց «Հայոց պատկերազարդ պատմություն» գիրքը, որը բոլոր տարիքի երեխաների համար է և ներկայացնում է պատմությունը՝ նախնադարից, հայ ժողովրդի ծագումից մինչ մեր օրերը:










