ԿԳՆ համահայկական խորհրդաժողովին ներկայացվեցին սփյուռքի ուսուցիչների համար հեռահար ծրագրերը

16:47 • 07.08.14

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող Համահայկական կրթական վեցերորդ խորհրդաժողովին «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը ներկայացրեց սփյուռքահայ ուսուցիչների ԿԳՆ-ի հետ համատեղ իրականացվող հեռահար վերապատրաստման ծրագիրը, որը վերապատրաստման նպատակով Հայաստան գալու հնարավորություն չունեցող սփյուռքի ուսուցիչների համար է:


ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն էլ ներկայացրեց սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, այդ թվում նաև՝ սփյուռքի տարբեր կառույցների մասնագետների, լրագրողների իմացական դաշտի բարելավմաննն ուղղված ՀՀԻ «Հայոց պատմության հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագիրը: Նա նկատեց, որ մեծ մասամբ սփյուռքում հայոց պատմություն են դասավանդում հայոց լեզվի ուսուցիչները, ինչի համար էլ մշակել են սփյուռքի հետ աշխատանքի համակարգ, որը հնարավորություն կտա ուսուցիչներին համալրել մասնագիտական գրականությունը և զբաղվել ինքնակրթությամբ:


«Սա առաջին ծիծեռնակն է վիրտուալ հայագիտության բնագավառում»,-ասաց նա:


Զեկուցողը անդրադարձավ ՀՀԻ կողմից իրականացվող երկու մագիստրոսական ծրագրերի: «Դրանցից առաջինը՝ Ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագիրը, որին մասնակից են ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, պատմության և Արևելագիտության ինստիտուտները, հնարավորություն է ընձեռում բակալավրի կրթությամբ ցանկացած սփյուռքահայի անվճար ուսուցում ստանալ»,-ասաց նա:


Մյուսը հայագիտություն մագիստրոսական ծրագիրն է, որին իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում Համազգային հայ կրթամշակութային կենտրոնը, կրկին հնարավորություն է տալիս վեց սփյուռքահայի անվճար կրթություն ստանալ՝ պայմանով, որ նրանք իրենց ստացած հայոց լեզվի, գրականության ու հայոց պատմության մասնագիտացումը կօգտագործեն Սփյուռքում ուսուցչություն անելով:

 


Ցեղասպանագիտության ծրագրով արդեն երկրորդ տարին է, որ կրթություն են ստանում, ընդհանուր առմամբ տասնմեկ ուսանող, որից չորսը սփյուռքահայ է, իսկ հայագիտություն ծրագրով առաջին ուսումնական տարին պետք է մեկնարկի այս սեպտեմբերից:
 

ԿԳՆ համահայկական խորհրդաժողովին ներկայացվեցին սփյուռքի ուսուցիչների համար հեռահար ծրագրերը