Լոնդոնում անցկացվել է չորրորդ ամենամյա հայկական փառատոնը

16:04 • 07.08.14

Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել չորրորդ ամենամյա հայկական փառատոնը` կազմակերպված Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից` ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փառատոնի բացմանը ելույթ են ունեցել ՄԹ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը և Լոնդոնի Քենսինգթոն և Չելսիի թաղապետ Մեյգրիդ Քոնդոն–Սիմմոնդսը։ 

Փառատոնի հարյուրավոր մասնակիցները վայելել են հայկական երաժշտություն ու պարեր, համտեսել հայկական ճաշատեսակներ, ինչպես նաև մասնակցել տարբեր միջոցառումների։ Առանձին տաղավարներով ներկայացված բրիտանահայ համայնքային կազմակերպությունները այցելուներին տրամադրել են տեղակատվություն իրենց աշխատանքի և նախատեսվող միջոցառումների, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ։ 

Ռումինիայի հայ համայնքի հետ պայմանավորվածությամբ` փառատոնը ուղիղ հեռուստակամրջով կապվել էր Բուխարեստի հետ, որտեղ նույն օրը ևս անց էր կացվում հայկական փառատոն։  

Լոնդոնում անցկացվել է չորրորդ ամենամյա հայկական փառատոնը