Մեր գերնպատակը հայապահպանությունն է. «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի փոխտնօրեն

13:45 • 07.08.14

ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ անցկացվող Համահայկական կրթական վեցերորդ խորհրդաժողովին ՌԴ–ում ՀՀ դեսպանությանը կից «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի մանկավարժ, տնօրենի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու Շողիկ Փահլևանյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց Մոսկվայում գործող իրենց դպրոցը։


Նա նշեց, որ իրենց կիրակնօրյա դպրոցը հիմա ունի 250-ից ավելի աշակերտ, թեև սկսել են աշխատանքները 40 աշակերտից: «Հայրենիքն է մեր զարկերակը և մեր գերնպատակը հայապահպանությունն է: Ամեն կիրակի մի փոքրիկ Հայաստան է դառնում դպրոցը»,- ասաց նա:


Շողիկ Փահլևանյանը նշեց, որ իրենք կարևորում են ծնող-ուսուցիչ, դպրոց-ընտանիք կապը: «Մենք սովորեցնում ենք ոչ միայն հայերեն գրել-կարդալ, այլ նաև հայկական երգն ու պարը, որպեսզի երեխան հայկական ոգին ամբողջովին հասկանա: Զուգահեռաբար փոխանցում ենք ավանդույթները, սովորույթները, ներկայացնում ենք պատմությունը: Շատ մեծ է կապը Հայ առաքելական եկեղեցու հետ, տարին երկու անգամ՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Հարության տոներին, պարտադիր մեր դպրոցի սաներին տանում ենք հայկական եկեղեցի և կազմակերպում ենք բաց դաս, որը վարում է քահանան»,- ասաց նա:


Դպրոցի փոխտնօրենը հայտնեց, որ «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցը բացվել է 1988 թվականին՝ Վազգեն Առաջին կաթողիկոսի օրհնությամբ: Նա նշեց, որ «Վերածնունդը» առաջին կիրակնօրյա դպրոցն է ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Ռուսաստանում և այդ տարիներին հայը շատ ավելի էր ձգտում հայերենը, հայ երգը, ավանդույթը պահպանել:


«Իննսունական թվականներից հետո, երբ եղավ մեծ արտագաղթ, մոտեցումը փոքր-ինչ այլ կերպ դարձավ, սակայն մեր գերնպատակը մնում է ամեն ինչ անել, որ հայը չձուլվի»,- ասաց նա:

 


 

Մեր գերնպատակը հայապահպանությունն է. «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի փոխտնօրեն