Ծաղկաձորում կկայանա Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 4-րդ փառատոնը

15:39 • 08.08.14

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ծաղկաձորի քաղաքապետարանի հովանավորությամբ, Երևանի մնջախաղի պետական թատրոնը օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում կանցկացնի Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 4-րդ փառատոն, որը կրում է «Աշունը սրտում» խորագիրը: Այսօր փառատոնի մասին մամուլի ասուլիսում խոսեցին Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի բաժնի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը և Մնջախաղի միջազգային փառատոնի գործադիր տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան:


Սեյրանուհի Գեղամյանը նշեց, որ գնալով փառատոնի մասնակիցների շրջանակը ընդլայնվում է, և այն դառնում է ավելի ներկայացուցչական: «Փառատոնի առավելություններից մեկը նաև այն է, փառատոնը վառ է պահում Ենգիբարյանի անունը»,-ասաց Սեյրանուհին Գեղամյանը:


Ժիրայր Դադասյանը հայտնեց, որ առաջին փառատոնն անցկացվել է 2008 թվականին և առաջին ջատագովը եղել է հենց Մշակույթի նախարարությունը: «Ցանկացած փառատոն պետք է ունենա հստակ գաղափարախոսություն, նպատակներ ու խնդիրներ: Մենք հսկայական քայլեր կարող ենք արձանագրել, որոնք հետք թողեցին մշակութային հասարակական կյանքի մեջ»,- ասաց նա և ավելացրեց, որ Ծաղկաձորում տեղադրվել է Ենգիբարյանի հուշարձանը:


Ժիրայր Դադասյանն ասաց, որ թեև հայտեր շատ են ունեցել, սակայն մասնակից երկրների թիվը 5-ն է լինելու: Նա նշեց, որ հայտերի մի մասը իրենք են մերժել, քանի որ առաջնորդվել են որակական չափանիշներով, իսկ որոշ մասնակիցներ էլ, ինչպիսին օրինակ՝ Վրաստանը, ճանապարհածախսը հոգալու հնարավորություն չեն ունեցել:


Այսպիսով մասնակից 5 երկրներից մեկը Ճապոնիան է, որի ներկայացուցիչը անցած տարի ևս մասնակցել է և շատ է սիրել Հայաստանը: Թայլանդից հրավիրված դուետը ներկայանալու է ինտերակտիվ կոմիկական ժանրում և հանդիսատեսին ներգրավելու է խաղի մեջ: Թատերախումբ է գալու Իրանից, որը ցուցադրելու է փիլիսոփայական ներկայացում՝ խաղաղության մասի: Ֆրանսիայի մասնակիցը շատ կարճ ժամանակահատվածում փուչիկներից տարբեր տեսակի կերպարներ է պատրաստելու և կերպարանափոխվելու է: Գերմանիայի մասնակիցը ևս կոմիկական ժանրում հետաքրքիր դուետ է ներկայացնելու:


Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակիցներին, Ժիրայր Դադասյանն ասաց, այս տարի Հայաստանի մասնակիցները կլինեն ավազանկարչությամբ զբաղվողներ և կրկեսի ներկայացուցիչներ: Նա նշեց, որ երիտասարդ մի մասնակից ներկայացնելու է «Պլյուս-մինուս» պլաստիկ ներկայացումը:


Ժիրայր Դադասյանը հայտնեց, որ բոլոր մասնակիցներին և փառատոնին մեծ ավանդ ունեցողներին հուշամեդալ են նվիրելու: Նա նկատեց, որ այս տարիներին հանդիսատեսը ավելի քաղաքակիրթ է դարձել, իսկ փառատոնը հեռահար նպատակներ ունի:


Ի դեպ, մոտավորապես հարյուր մասնակցի ամեն օր Երևանից անվճար ավտոբուսներով կտանեն Ծաղկաձոր՝ ներկայացումները դիտելու: Մեր հարցին, թե որքան է կազմել բյուջեն Ժիրայր Դադասյանն ասաց, որ այն ավանդաբար կազմում է ութը միլիոն դրամ, սակայն այս տարի չբավականացրեց մարդկանց տեղափոխման հարցը հոգալու համար, և նախարարությունը ևս մեկ միլիոն դրամ ավելացրեց:

 


 

Ծաղկաձորում կկայանա Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 4-րդ փառատոնը