«Մերօրյա հերոսին». Ավետ Բարսեղյանի և ՀՀ առաջին տիկնոջ երգը՝ նվիրված օգոստոսյան դիվերսիաների հերոսներին (տեսանյութ)
«Մերօրյա հերոսին»: Հաղորդավար Ավետ Բարսեղյանի և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի համատեղ երգն է՝ նվիրված օգոստոսյան դեպքերի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին բացառիկ արիություն ցուցաբերած այն տղաների հիշատակին, որոնք իրենց կյանքի գնով կանխեցին ադրբեջանական դիվերսիաները:
«Երգը նվիրված է «Մերօրյա հերոսին» օգոստոսյան դեպքերի հերոսներին, որոնց գործողությունները յուրաքանչյուր հայի մոտ էմոցիաներ առաջացրին, ինձ մոտ՝ որպես խոսքերի հեղինակի առաջացավ հենց այս տարբերակը, թեև երգի վերնագիրը մի քանի անգամ փոխվել է, կային այլ տարբերակներ, այդ թվում նաև՝ «Բալլադ զինվորի մասին», «Հայ զինվորին» բայց հետո ցանկացանք ընդգծել, որ այսօր էլ են հերոսներ ծնվում և այսօրվա՝ նորօրյա հերոսին է պետք նվիրել երգ: Մենք շատ փառավոր հերոսներ ունենք, բայց այսօրվա հայ զինվորը՝ սահմանին կանգնած ՝ապացուցեց, ցավոք սրտի, իր կյանքի գնով, բայց ապացուցեց, որ իսկապես հերոս է: Եվ նաև , որ նրանց օրինակով պետք է սիրել հայրենիքը»,- Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգի խոսքերի հեղինակը:
Ավետ Բարսեղյանը պատմեց, որ երգի խոսքերը այս երգի դեպքում գրվել են շատ արագ՝ ներշնչանքով՝ «այդ ամեն ինչի տպավորության տակ ու սպոնտան», ու նույնքան արագ էլ գրվել է երաժշտությունը՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կողմից:
«Տիկին Ռիտան էլ, մի քանի անգամ ընթերցելով, հետաքրքիր է, որ իր մոտ էլ միանգամից , հինգ րոպեում ծնվեց ընդհանուր երաժշտական կարկասը»,- ասաց Ավետ Բարսեղյանը:
Վերհիշելով այդ օրերին սոցիալական ցանցերում տիրող տրամադրությունները, «Նորօրյա հերոսին» երգի խոսքերի հեղինակը մեկ՝ «հավաքվեցին» բառով նկարագրեց այն հիմնական էմոցիաներն ու տրամադրությունները, որ տիրում էին այդ օրերին ու կրկին վերհիշեց.«Ես չեմ հիշում, բայց մի խելացի մարդ ասաց՝ տեսա՞ք, թե մեկ օրում երկիրն ինչպես դարձավ հայրենիք: Երբ մեկ վայրկյանում մենք փաստորեն ապացուցեցինք, որ կարող ենք նաև հավաք լինել, կարող ենք համակիր լինել, սրտներս մեկ անել»:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին օգոստոսի սկզբին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվեց 7 զինվոր և մեկ սպա՝ Զորիկ Գևորգյանը, Գոռ Գրիգորյանը, Արարատ Խանոյանը, Սարգիս Մովսիսյանը, Ազատ Ասոյանը, Խաչատուր Բադասյանը, Արամ Գրիգորյանը:
Երգի պրեմիերան եղել է մի քանի օր առաջ՝ «Զինուժ» ծրագրի շրջանակներում, իսկ այսօր հնչելու է «Հանրային ռադիոյով»՝ ուղիղ եթերով:
Ավետ Բարսեղյանն ասում է, որ առհասարակ, մեծ ծրագրեր ունեն երգի «բեմելի» հետ կապված, այդ թվում՝ բանակի տոնին, իսկ մինչ այդ ուզում են, որ երգն ապրի:










