Գերմանիայում առաջին անգամ կնվագեն Լեոնարդո դա Վինչիի նախագծած երաժշտական գործիքով

13:18 • 03.09.14

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում սեպտեմբերի 6-ին առաջին անգամ կնվագեն Լեոնարդո դա Վինչիի հորինած և նրա էսքիզներով պատրաստված Viola Organista երաժշտական գործիքով, այդ մասին հայտնել է եկեղեցական երաժիշտ Պիյա Պրետորիուսը։

 

Առաջին համերգը կկայանա Նյուրնբերգի Սուրբ Էգիդիայի եկեղեցում, որտեղ գործիքը կներկայացնի այն պատրաստած դաշնակահար և կոմպոզիտոր Սլավոմիր Զուբժիցկին՝ Կրակովից, փոխանցում է Deutsche Welle-ն։

 

Նա կկատարի հատուկ Viola Organista-ի համար գրված միակ ստեղծագործությունը, որի հեղինակը Բախի որդիներից մեկն է։ Այս համերգը մասամբ կլինի նաև համաշխարհային պրեմիերա՝ առաջին անգամ դա Վինչիի հայտնագործությունը կհնչի երգիչների ուղեկցությամբ։

 

Գործիքը, որն իրենից ներկայացնում է թավջութակի և կլավիկորդի խառնուրդ, իտալացի նկարիչ, գիտնական, գյուտարար Լեոնարդո դա Վինչիի կողմից նախագծվել է մոտ 525 տարի առաջ։ Զուբժիցկին Viola Organista-ն պատրաստել է երկարամյա հետազոտական աշխատանքից հետո և ներկայացրել հանրությանը 2013-ին։ Գործիքն ունի 61 լար, որոնցից ձայնը հնչում է շնորհիվ հատուկ անիվների։ Viola Organista-ի ստեղծման համար կոմպոզիտորը ծախսել է մոտ 5.000 ժամ։
 

Գերմանիայում առաջին անգամ կնվագեն Լեոնարդո դա Վինչիի նախագծած երաժշտական գործիքով