Հայ ժամանակից արվեստը փնտրտուքների մեջ է. Սեյրանուհի Գեղամյան
Այսօր մեր հասարակությունը շատ պատրաստ չէ աբստրակցիոնիզմի դրսևորումներին և ավելի շուտ սպասում է իրեն ավելի հասկանալի արվեստին, բայց դա չի նշանակում, որ ժամանակից արվեստը տեղում դոփում է. այն փնտրտուքի մեջ է։ Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը՝ ընդգծելով, որ դա բնական է, քանի որ երկար տասնամյակներ Հայաստանը գործել է ավելի ներփակ շրջանակում։ Ըստ նրա՝ նկատելի առաջընթաց կա գեղանկարչության ոլորտում, քանի որ այն ավելի անհատական մոտեցում է պահանջում, մինչդեռ թատրոնը, կինոն՝ ավելի կոլեկտիվ, խմբակային։
-Տիկին Գեղամյան, կարելի՞ է ասել, որ ժամանակից հայ արվեստն այսօր ճգնաժամ է ապրում, որովհետև որևէ փոփոխություն ու առաջընթաց կարծես թե այդքան էլ նկատելի չէ։
-Գիտեք, ժամանակակից արվեստ ասելով՝ նայած մարդիկ ինչ են հասկանում, ի վերջո ժամանակակից արվեստն իր մեջ ներառում է տարբեր ուղղություններ՝ կինոարվեստ, թատերական արվեստ, երաժշտական արվեստ, գեղանկարչություն և այլն։ Տեսե՛ք, ինչքան լավ նկարիչներ ունենք։ Սեպտեմբերի 15-ին շատ լավ ցուցահանդես պետք է բացվի, որին պետք է մասնակցեն մասնավորապես անկախությունից հետո ստեղծագործական ակտիվ գործունեություն ծավալած նկարիչները, և այդ ցուցահանդեսը պետք է կոչվի «Քայլ, ձևափոխություն», նոր սերնդի նկարչությունն է, գուցե սա ավելի շատ լինի ժամանակակից նկարչության դրսևորումներ։ Այնպես որ, չեմ կարծում, որ ճգնաժամ գոյություն ունի ժամանակակից արվեստում։
-Այսինքն՝ ըստ Ձեզ ժամանակակից հայ արվեստն աշխարհի նորարարական արվեստին համահո՞ւնչ է զարգանում։
-Գիտեք ժամանակից արվեստի մեջ դժվար է այսօր ասել, թե Հայաստանն ինչ տեղում է։ Ես կասեի՝ փնտրտուքների մեջ է, և դա շատ բնական եմ համարում, քանի որ երկար տասնամյակներ Հայաստանը գործել է ավելի ներփակ շրջանակում՝ մտածողության առումով, չէ՞ որ արվեստը գեղարվեստական բարձրագույն մտածողության ձև է։
-Նկատի ունեք Խորհրդային տարինե՞րը։
-Այո, իհարկե, մենք ունեցել ենք նկարչություն, բայց այն ժամանակ ավելի շատ սոցիալիզմն էր գերակշռողը։ Այսօր մեր հասարակությունն էլ պատրաստ չէ շատ աբստրակցիոնիզմի դրսևորումներին և ավելի շատ սպասում է իրեն ավելի հասկանալի արվեստին, բայց դա չի նշանակում, որ ժամանակից արվեստը տեղում դոփում է. ինչպես ասացի՝ փնտրտուքի մեջ է, բայց նաև զարգացման միտումներ կան։ Վստահ եմ, որ սա պետք է լինի ավելի կուտակումների արդյունք, որովհետև երբ որ կուտակումներ չեն լինում, այդ դրսևորումներն էլ չեն կարող լինել։ Իհարկե, շատ հետաքրքիր նկարիչներ ունենք և վստահ եմ, որ իրենք բացարձակ չեն զիջում ժամանակից արվեստի ավելի հայտնի անուններին:
-Կարելի՞ է եզրակացնել, որ ավելի շատ առաջընթաց ունենք նկարչության ոլորտում, իսկ ասենք կինոյի, թատրոնի, երաժշտության ոլորտում ավելի ետ ենք։
-Այո, իմ կարծիքով՝ կարելի է ասել, որովհետև գեղանկարչությունն ավելի անհատական մոտեցում է պահանջում, մինչդեռ թատրոնը, կինոն՝ ավելի կոլեկտիվ, խմբակային։ Իհարկե, Փարաջանովն արդեն իսկ որպես երևույթ կա մեր արվեստի մեջ, և դա մեզ համար արդեն իսկ մեծ դպրոց է, և այդ իմաստով շարունակականություն չէր կարող չլինել։ Բացի դրանից, գեղանկարչության հարցում եթե հասարակության մտածողությունը մի փոքր այլ է, կոլեկտիվ ստեղծագործությունների հարցում դժվար է հասարակությանը բերել դեպի այդ մտածողությունը։ Նկարչության մեջ մարդն իր արվեստանոցում ստեղծում է, ու եթե դա նույնիսկ չընդունվի հասարակության կողմից, ավելի մեծ իմաստով խնդիր չի կարող ստեղծել, բայց օրինակ կինոյի ասպարեզում ներդրումներ կան, և դեռ պետք է անպայման ինչ-որ չափով վերադարձ ակնկալեն նյութական իմաստով։ Մի խոսքով՝ շատ բարդ է վերջնական բնորոշումներ տալ։
-Այսինքն՝ կարո՞ղ ենք հասկանալ, որ շատ հայ արվեստագետներ, լինի կինոյի կամ նկարչության ասպարեզում, համարձակ քայլերից խուսափում են, քանի որ հասարակությունը նորությունը սվիններով է ընդունում։
-Դրա մեջ ճշմարտություն կա, միշտ էլ արվեստի մեջ նորությունները դժվարությամբ են ընկալվել։ Եթե մենք գնանք 19-րդ դարի սկզբին, երբ ժամանակակից արվեստի դրսևորումները ուզում էին հաստատվել, կտեսնենք, որ շատ նկարիչներ իսկապես դժվարությամբ են ինքնահաստատվել, թեպետ հետագայում դրանք դարձել են կերպարվեստի մեծագույն անուններ։ Առավել ևս դժվար է մյուս ասպարեզներում։ Բայց այդուհանդերձ իսկական արվեստագետը երբեք չի վախենում հասարակության կարծիքից, չնայած ինքը ստեղծագործում է հասարակության համար, բայց անգամ եթե դա հասարակության կողմից ընդունելի չլինի, անգամ եթե նրան նյութական ապահովվածություն չբերի, իրապես մեծ արվեստագետը երբեք չի նայում նման բաների և անում է այն, ինչ որ Աստված իրեն տվել է որպես շնորհ, և ինքը պարտավոր է դրսևորվել։
-Լավ, եթե նույնիսկ կան խիզախներ, ովքեր չնայած դժվարություններին, շարունակում են ստեղծագործել, ինչո՞ւ նրանց մենք չենք տեսնում։ Արդյո՞ք այստեղ էլ նախարարության խնդիրը չէ՝ նրանց վեր հանել և, ընդհանրապես, համամիտ չե՞ք, որ արվեստը կամաց-կամաց մեր հասարակության ընկալումներում զիջում է իր տեղը, որովհետև դրա պրոպագանդան գրեթե չկա։ Այլ կերպ ասած՝ տարվող պետական քաղաքականությունից գո՞հ եք։
-Իհարկե, պետական քաղաքականության մեջ առաջին, այսպես ասած՝ հիմնական նպատակներից մեկը նոր գաղափարներին ու նախաձեռնություններին աջակցելն է։ Չի կարելի ասել, որ նախարարությունը ոչինչ չի անում։ Հիմա այս ցուցահանդեսը, որ պետք է բացվի սեպտեմբերի 5-ին, հենց նոր մտածողության մասին է, այսինքն՝ հույս ունենք, որ այնտեղ պետք է տեսնենք այսօրվա հայ ժամանակից գեղանկարչությունը։ Նախարարությունը սիրով ընդառաջ է գնացել, պետք է պատկերագիրքը տպագրվի, և ուրախ ենք նման ցուցահանդեսի համար։ Չեմ կարող ասել, որ իսկապես իրականանալի քայլ, որը պետք է ցուցադրի մեր արվեստն իր բազմազանության ու նվաճումների մեջ, նախարարությունը չֆինանսավորի կամ չաջակցի։ Մյուս կողմից էլ, նայենք՝ամեն ստեղծագործող բնականաբար ինքն ինչ-որ տեղ հավատացած է, որ անում է մեծ բան. շատ դժվար է բոլոր մտահղացումներին աջակից կանգնել, այսինքն, եթե կան մարդիկ, ովքեր դժգոհություն են հայտնում, դա էլ բնական է, բայց նախարարությունն ունի որոշակի ֆինանսական հնարավորություններ, որ տարեկան կտրվածքով տեղ է գտնում պետական բյուջեում, և ինքը դրանից ավելի չի կարող անել։ Ավելի շատ մենք փորձում ենք կոլեկտիվ խմբերին աջակցել, որպեսզի ավելի շատ մարդիկ ընդգրկվեն, դուրս գնան, տեսնեն դրսի նորարական գաղափարները, կարողանան փորձի փոխանակում, վարպետության դասեր ստանալ։ Մասնավորապես երաժշտության ասպարեզում հսկայական ներդրումներ ենք անում, որպեսզի մեր օպերային երգիչները գնան` աշխարհի զարգացումները տեսնեն դասական երաժշտության ասպարեզում։ Հնարավորությունների սահմանում նախարարությունն անում է առավելագույնը, ես կասեի այդպես, որովհետև ամեն անգամ կարող են դժգոհել, բայց մեր քաղաքականությունն էլ այդ չի, որ բոլորին պետք է օգնել, այլ նրան, որ գիտես վաղը պետք է ծառայի քո մշակույթի կայացմանն ու հանրահռչակմանը։










