Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում. Deutsche Welle-ի անդրադարձը (լուսանկարներ, տեսանյութ)
Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Վերք» (The Cut) ֆիլմը բարձրացնում է մի հարց, որը մինչ օրս տաբու է Թուրքիայում։ Deutsche Welle մեդիաընկերության թղթակից Յոխեն Կյուրտենը մասնակցել է այս օրերին ընթացող Վենետիկյան կինոփառատոնին և դիտել ֆիլմը։
Ֆիլմի հիմնական ուղերձը կենտրոնացած է փոքր տեսարանի վրա. նախորդ դարի 20-ականներ, ինչ-որ տեղ Արևելքում։ Հին բակ, տաք երեկո։ Տարեցներն ու երեխաները, տղամարդիկ և կանայք՝ բոլորը միասին դիտում են Չարլի Չապլինի «Փոքրիկը» ֆիլմը։ Նրանք ծիծաղում են։ Եվ հանկարծ ողբերգություն է տեղի ունենում. Չապլինից խլում են փոքրիկին։ Մինչ երեխային կրկին Չապլինին վերադարձնելը, հանդիսատեսը տառապում է ֆիլմի հերոսների հետ։ Վերջում հոսում են արցունքներ, ինչպես էկրանին, այնպես էլ «կինոսրահում»։
«Ես ինձ հարց տվեցի՝ ինչպես նկարահանել ֆիլմ, որը կստիպի ժամանակակից Թուրքիայի բնակիչներին կարեկցել հայերին՝ ցեղասպանության զոհերին»,- ասել է ռեժիսորը մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա ֆիլմն այդ հարցի պատասխանն է։
Աքընի ֆիլմում պատմական իրադարձությունները նկարագրվում են մի մարդու ճակատագրի օրինակով՝ Նազարեթ անունով հայի (նրա դերը կատարել է ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը)։
Իրադարձությունները սկսվում են 1915-ին Օսմանյան կայսրությունում, որտեղ ամեն ինչ դեռ խաղաղ է և համերաշխ ապրում են տարբեր ազգության մարդիկ։ Սակայն շուտով սկսվում է չարաբաստիկ օրը, երբ գյուղի բոլոր տղամարդկանց, որտեղ ապրում է նաև Նազարեթը, տանում են հրապարակ և ուղարկում հարկադիր աշխատանքների։
Սարսափելի տեսարաններից հետո՝ մահվան երթ, զանգվածային գնդակահարություն, հրաշքով փրկված Նազարեթն իմանում է կնոջ մահվան մասին։ Սակայն նրա 2 դուստրերը, հնարավոր է, ողջ են մնացել, և հայրն ուղևորվում է նրանց փնտրելու օվկիանոսից այն կողմ։ Նազարեթը չի կարող խոսել. նրա ձայնալարերը կտրել են (այստեղից էլ ֆիլմի անվանումը՝ «Վերք» կամ «Սպի»)։
Ռեժիսորի խոսքով՝ կենտրոնական թեմաներից մեկը, որոնք իրեն հետաքրքրել են ֆիլմի ստեղծման ընթացքում, ճանապարհն է դեպի կրոնը. նրա հերոսը կորցնում է հավատն առ եկեղեցի և ծիսակարգեր, սակայն մոտենում է նրան, ինչը, ըստ ռեժիսորի, կրոնի իրական էությունն է՝ հոգևոր սկիզբը, ամենաանելանելի իրավիճակներում չհուսահատվելու ունակությունը։
Դժվար թե Թուրքիայում բոլորին դուր գա ֆիլմը, որտեղ կան դաժան տեսարաններ, թե ինչպես են թուրքերը սպանում անօգնական հայերին։ Խիստ կասկածներ կան, որ Անկարան թույլ կտա ֆիլմի վարձույթը Թուրքիայում։ Այնուամենայնիվ, այս ֆիլմը երիտասարդ ռեժիսորի հզոր մանիֆեստ է, անձնական «չեմ կարող լռել» և առաջին փորձերից՝ կինոէկրանին պատկերել աշխարհի կողմից կիսամոռացված ցեղասպանության ողբերգական իրադարձությունները։
Վենետիկյան հանրությունը և միջազգային քննադատներն Աքընի նոր ֆիլմն ավելի շուտ սառն են ընդունել։ Զուսպ արձագանքը կապված է ինչպես բարդ թեմայի, որը բարձրացրել է ռեժիսորը, այնպես էլ մասնակցությունից աստղերի գիտակցված հրաժարվելու և ֆիլմի տեսողական լեզվի բավականին պահպանողական լինելու հետ։ Բացի այդ, Աքընը լուրջ մրցակցություն ունի կինոփառատոնում։

![]()
![]()
![]()
![]()
![]()












