Ֆլորենցիայում մեկնարկել է լապտերների փառատոնը

14:40 • 06.09.14

Ֆլորենցիայում սեպտեմբերի 6-7-ն անցկացվում է լապտերների պատմական տոնը, գրում է rosbalt.ru-ն։

 

Տոնը սկիզբ է առնում 17-րդ դարից։ Այն ժամանակ մոտակա քաղաքների և գյուղերի բնակիչների մոտ ընդունված է եղել գալ Ֆլորենցիա՝ Աստվածամոր ծննդյան օրվա նախօրեին։ Մարդիկ սիրում էին նշել այս տոնը նրան նվիրված Ավետման հրապարակում։ Ընդ որում՝ գյուղացիները փորձել են համատեղել հաճելին օգտակարի հետ. ոչ միայն մասնակցել տոնակատարություններին, այլև շահավետ վաճառել իրենց ապրանքները։ Այդ պատճառով էլ Աստվածամոր ծննդյան նախօրեն աստիճանաբար դարձել է քաղաքային կարևորագույն տոնավաճառներից մեկը։

 

Ֆլորենցիան այդ օրերին լցվում էր գյուղացիների ամբոխներով, ովքեր տոնի կապակցությամբ հագնում էին իրենց լավագույն զգեստները։ Քաղաքային բնակիչները համարում էին, որ նրանք չափազանց տոնական են հագնվում և անվանում էին նրանց «լապտերիկներ»՝ Rificolona։

 

Այս տոնը շատ տարածված է զբոսաշրջիկների շրջանում։ Ֆլորենցիայի բնակիչներն ասում են, որ այդ օրերին քաղաք-թանգարանը կենդանանում է և ցույց տալիս հյուրերին իր իրական դեմքը։
 

Ֆլորենցիայում մեկնարկել է լապտերների փառատոնը