Անտոնիո Գաուդիի ամենահայտնի գործերը Բարսելոնայում (լուսանկարներ)
Անտոնիո Գաուդիին իրավացիորեն կարելի է անվանել 19-20-րդ դարերի ամենահայտնի իսպանացի ճարտարապետը, ով մոդեռնիզմի վրա հիմնված անկրկնելի ոճի հիմնադիրն է:
Ինչպես ներկայացնում է Bigpicture.ru-ն` իր կյանքի ընթացքում Գաուդին 18 ճարտարապետական նախագիծ է ստեղծել, որոնցից 7-ը այսօր ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Առավել հայտնի են նրա կառույցները Բարսելոնայում, որոնցից մեկի վրա ճարտարապետն աշխատել է 40 տարի, և այն դեռևս անավարտ է: Խոսքը Սուրբ ընտանիքի տաճարի մասին է, որն, ինչպես հայտնի է, ավարտին կհասցվի 2026-ին:
1. Վիսենսի տունը
«Վիսենսի տունը» Բարսելոնայի ճարտարապետական գոհարներից է: Այն սեփական առանձնատուն է, որը կառուցվել է 1883-1885թթ.-ին` դոն Մանուել Վիսենս-Մոնտաներայի պատվերով: Շենքը համարվում է Գաուդիի առաջին ինքնուրույն աշխատանքը: Այն գտնվում է Բարսելոնայի Գրացիա շրջանում: 1899-ից մինչ այսօր առանձնատունը պատկանում է Խովերների ընտանիքին: Ներս մտնելն այստեղ արգելվում է, միայն դրսից կարելի է վայելել այս շինության գեղեցկությունը: Տունը կառուցված է մավրիտանական մուդեխար ոճով: Շինության ճակատը զարդարված է ձեռագործ աշխատանքներով:


2. Գուելի դղյակը
Գուելի դղյակը բնակելի տուն է, որը կառուցվել է 1885-1890թթ-ին` Էուսեբի Գուելի պատվերով: Կառույցը նախագծված է կատալոնական մոդեռնիզմի ոճով: Այն գտնվում է Բարսելոնայի Ռավալ շրջանում: Դղյակը չորս հարկից է կազմված ու նկուղից:




3. Գուելի այգին
Այգին նախագծվել է 1900-1914թթ-ին` Էուսեբի Գուելի պատվերով: Ընդհանուր առմամբ` այն 17 հա տարածք է զբաղեցնում: Այստեղ ամենուր կարելի է ականատես լինել Գաուդիի յուրահատուկ ձեռագրին: Հատկապես ուշադրության է արժանի խճանկարային սալամանդրի տեսքով շատրվանը, օձի տեսքով նստարանը: Գուելի այգին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշախարհային ժառանգության ցանկում:







4. Բալիոյի տունը
Բալիոյի տունը բնակելի տուն է, որը 1904-1906թթ-ին վերանորոգել է Գաուդին` Ժոզեպա Բալիո-Կասանովասայի պատվերով: Կառույցը գտնվում է Բարսելոնայի Էշամպլե շրջանում: Ընդհանուր տեսքով այն վիշապի մեջքի է նմանվում, պատշգամբները գանգեր են հիշեցնում, իսկ ճաղերը` ոսկորներ: Բալիոյի տունը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:







5. Միլայի տունը
Միլայի տունը կառուցվել է 1906-1910թթ.` Միլաների ընտանիքի պատվերով: Կառույցը գտնվում է Բարսելոնայի Պասեչ դե Գրացիա բուլվարում: Միլայի տունը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:





6. Սուրբ Ընտանիքի քավության տաճարը
Սա աշխարհի ամենահայտնի կառույցներից մեկն է, որը գտնվում է Բարսելոնայում և որի նախագծման ու կառուցապատման վրա Գաուդին 40 տարի է ծախսել, սակայն այն դեռևս ավարտին չի հասցվել: Սուրբ Ընտանիքի տաճարը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

















