Blurred Lines երգը պլագիատ է ճանաչվել (տեսանյութ)

13:24 • 11.03.15

Լոս Անջելեսի ատենակալների դատարանը Blurred Lines երգը պլագիատ է համարել և որոշում է կայացրել, համաձայն որի երգի հեղինակներ Ռոբին Թիքը և Ֆարել Ուիլյամսը ստիպված կլինեն փոխհատուցում վճարել տուժող կողմին, գրում է interfax.ru-ն:

 

Ատենակալների որոշման համաձայն՝ Թիքը և Ուիլյամսը պետք է 7,3 միլիոն դոլար վճարեն երգիչ Մարվին Գեյի ժառանգներին՝ Blurred Lines-ում նրա 1977 թվականի Got to Give it Up երգի մեղեդիներն օգտագործելու համար:

 

Գեյի ժառանգները Թիքից և Ուիլյամսից պահանջում էին ընդհանուր առմամբ 25 միլիոն դոլար: Հայցվորների փաստաբանը հայտնել է, որ նրանք կփորձեն հասնել Blurred Lines երգի վաճառքի դադարեցմանը:

 

Blurred Lines երգը թողարկվել է 2013 թվականին և հիթ է դարձել տասնյակ երկրներում: Billboard-ի չարտում այն առաջին հորիզոնականն է զբաղեցրել տասը շաբաթ անընդմեջ և առաջադրվել է «Գրեմիի»:

 

Դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ երգի վաճառքի եկամուտը կազմել է մոտ 16,5 միլիոն դոլար, որից Թիքն ու Ուիլյամսը ստացել են 5-ական միլիոն դոլար:

Blurred Lines երգը պլագիատ է ճանաչվել (տեսանյութ)