Հայաստանի ծագման տարեթիվը՝ գենետիկների ուսումնասիրության առարկա. The New York Times
Մովսես Խորենացին գրում էր, որ Հայաստանը հիմնադրվել է Ք.ա. 2492 թվականին՝ տարեթիվ, որը սովորաբար դիտվում է որպես առասպելական, չնայած Խորենացին պնդում էր, որ ճանապարհորդել է Բաբելոն և օգտվել հին գրերից: Կամ նրա բախտը բերել է, և նա ճիշտ է կռահել, կամ նա իսկապես տիրապետել է կարևոր տվյալների, քանի որ գենոմների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ նրա նշած տարեթիվն ամբողջովին ճշմարտանման է, գրում է The New York Times-ը:
Գենետիկները սքանավորել են Հայաստանից և Լիբանանից 173 հայերի գենոմներ և համեմատել դրանք ողջ աշխարհից 78 այլ ժողովուրդների գենոմների հետ: Նրանք հայտնաբերել են, որ հայերը հնագույն բնակչությունների խառնուրդ են, որոնց հետնորդներն այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ տարածաշրջաններում: Գենետիկները հաշվարկել են, որ այս խառնուրդը տեղի է ունեցել Ք.ա. 3000-ից 2000 թվականներին, ինչը համապատասխանում է Հայաստանի հիմնադրման՝ Մովսոս Խորենացու նշած տարեթվին:
Ինչպես նշվում է՝ Բրոնզե դարի վերջում, երբ տեղի էր ունենում ազգերի խառնվելը, զգալի չափով մարդկանց տեղաշարժ կար աճող առևտրի, պատերազմների և բնակչության աճի պատճառով: Ք.ա. 1200 թվականից հետո Արևելյան Միջերկրական գոտու բրոնզեդարյա քաղաքակրթությունները հանկարծակի փլուզվեցին, մի բան, որը հավանաբար հանգեցրեց այլ ժողովուրդներից հայերի մեկուսացմանը: Գենետիկները նշում են, որ այդ ժամանակահատվածից հետո ապրող հայերի գեներում չի հայտնաբերվում այլ ժողովուրդների հետ զգալի խառնուրդ: Մեկուսացմանը, հավանաբար, նաև նպաստել են հայկական մշակույթին բնորոշ ասպեկտներ, նշված է հոդվածում:
Հետազոտողները նաև հայտնաբերել են գենետիկ տարբերության նշան, որը զարգացել է արևմտյան և արևելյան հայերի միջև մոտ 500 տարի առաջ: Այս թիվը համապատասխանում է Օսմանյան և Սեֆյանների դինաստիաների միջև պատերազմների սկզբին և թուրքական ու պարսկական կայսրությունների միջև հայ բնակչության բաժանմանը:
«ԴՆԹ-ի այս հետազոտությունն ընդհանուր գծերով հաստատում է հայոց պատմության մասին առկա տեղեկությունների մեծ մասը»,- ասել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ աշխատող պատմաբան Հովան Սիմոնյանը:
Անգլիայի Քեմբրիջի մոտակայքում գտնվող Սենգերի ինստիտուտից Մարկ Հաբերի և Քրիս Թայլեր-Սմիթի ղեկավարած գենետիկների թիմը հետազոտում է երկար ժամանակ մեկուսացված ժողովուրդներին, ինչպես հայերն են՝ որպես ժողովուրդների պատմությունը վերականգնելու միջոց:
Հայերն իրենց ԴՆԹ-ի 29 տոկոսը կիսում են Էցիի հետ՝ մարդ, ում 5.300 տարվա հնության մումիան հայտնաբերվել է 1991 թվականին Ալպյան սառցադաշտում: Մերձավոր Արևելքի գենետիկորեն մեկուսացված այլ ժողովուրդներ, ինչպիսիք են Կիպրոսի ժողովուրդը, սեֆարդ հրեաները և Լիբանանի քրիստոնյաները, նույնպես ընդհանուր ծագումնաբանական շատ կապ ունեն Սառցե մարդու հետ, մինչդեռ այլ ժողովուրդներ, ինչպիսիք են թուրքերը, սիրիացիները և պաղեստինցիները, ավելի քիչ: Սա ցույց է տալիս, որ հայերը և այլ մեկուսացված ժողովուրդներ ավելի մոտ են նեոլիթյան հողագործներին, ովքեր մոտ 8000 տարի առաջ հողագործությունը բերել են Եվրոպա, քան Մերձավոր Արևելքի ներկայիս բնակիչները:
Գենետիկների հետազոտությունը հրապարակվել է անցած ամիս bioRxiv կայքում, որը թվային գրադարան է մինչ ամսագրերում հայտնվելը գիտական հոդվածներ հրապարակելու համար: Գենետիկների թիմի գլխավոր հեղինակ Թայլեր Սմիթն ասել է, որ չի կարող քննարկել հետազոտության արդյունքները՝ չցանկանալով վտանգի տակ դնել ամսագրում հետազոտության հրապարակումը:










