«Հայկական գաթա». Ջավախքում ավանդական փառատոն է անցկացվել

10:47 • 12.03.15

Մարտի 11-ին` Մեծ պահքի Միջինքի օրը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն 4-րդ անգամ անցկացվել է «Հայկական Գաթա» փառատոնը։ Փառատոնի մեկնարկը տրվել է Հանգստյան ժամերգության և գոհաբանական աղոթքի ավարտից հետո:


Այս մասին հայտնում է akhaltskha.net կայքը։

 

«Արդեն ավանդական դարձած Միջինքի Գաթայի փառատոնը մեզ ևս մեկ անգամ համախմբել է Տիրոջ տան մեջ՝ նախ և առաջ աղոթքով և փառաբանությամբ լցնելու մեր հոգիները և այնուհետ՝ հոգեպարար ջերմությամբ քրիստոնեավայել սիրով միմյանց հետ կիսելու հայկական գաթայի համն ու բույրը: Մեծագույն օրհնությունը ոչ թե գաթայի միջից մետաղադրամ գտնելն է, այլ միմյանց սիրով հյուրասիրելու հայկական ու քրիստոնեական վեհ գաղափարները գտնելու հնարավորությունն է: Այս փառատոնը մեզ հնարավորություն է տալիս վերագտնել ազգային արժեքներն ու սովորույթները՝ այդ ամենն ի կատար ածելով միմիայն աստվածային օրհնության հայցմամբ»,- Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը այս խոսքերով է դիմել ջավախքցիներին։


Այնուհետև, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի օրհնել են բոլոր գաթաները, որից հետո հայկական տարազներով աղջիկները Եկեղեցու բակում այն մատուցել են ներկաներին:


Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել Ախալքալաքի տարածաշրջանի շուրջ 11 գյուղեր, 10-ից ավելի կազմակերպություններ և 55 կանայք: Այն կանայք, ովքեր փառատոնին ներկայացել էին սեփական ձեռքերով թխած գաթաներով՝ նպաստելով հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանից օրհնությամբ ստացել են պատվոգրեր:


Աղբյուրը նշում է, որ ավանդության համաձայն՝ հնում Միջինքի օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս հավասար բաժին հանում տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:

«Հայկական գաթա». Ջավախքում ավանդական փառատոն է անցկացվել