Մադրիդյան մենաստանում, հավանաբար, հայտնաբերվել են Սերվանտեսի մասունքները. El Mundo
Փորձագետները, որոնք զբաղվում են իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսի գերեզմանի որոնումներով, Մադրիդի մենաստաններից մեկում հայտնաբերել են հենց նրա մասունքները, վստահեցնում է El Mundo թերթը, թեև այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չի եղել։
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ փորձագետներին հաջողվել է հայտնաբերել ՄՍ տառերով գերեզման, որի ներսում գտնվում են ոսկորներ, կմախքն ամբողջությամբ չի պահպանվել։ Մասունքները հայտնաբերվել են Մադրիդի դե լաս Տրինիտարիաս մենաստանում։
Նախագծին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ փորձագետները պատրաստ են ենթադրություններ անել, որ իրենց հաջողվել է գտնել հենց Սերվանտեսի գերեզմանը, ինչպես նաև նրա կնոջ՝ Կատալինա դե Սալազարի հուղարկավորման վայրը։
Մադրիդի քաղաքապետարանում, սակայն, դեռևս հրաժարվում են հաստատել այդ փաստը՝ նշելով, որ «այսօրվա դրությամբ աշխատանքների արդյունքները չեն երաշխավորում, որ հայտնաբերվել են Սերվանտեսի և նրա կնոջ մասունքները»։
Մասունքները շատ վատ վիճակում են գտնվում, նշում են փորձագետները։ Բացի այդ, ամենայն հավանականությամբ, եթե նույնիսկ դա իսկապես Սերվանտեսի գերեզմանն է, ապա նա վերահուղարկավորվել է այստեղ 1673-ից հետո (գրողը մահացել է 1616-ին), երբ եկեղեցու վերանորոգում է եղել։










