ArmCօmedy–ն շարունակում է գործել նույն հունով, նույն ծրագրով արդեն ATV-ի եթերում
«Արմնյուզ» հեռուստաընկերության վերաբրենդավորման մասին որոշումից հետո ArmCօmedy քաղաքական–երգիծական հաղորդաշարը ATV-ի եթերային տարածք տեղափոխելը հաղորդման մեջ որևէ խմբագրական, ֆորմատային փոփոխություններ չի ենթադրում, Tert.am –ի հետ զրույցում ասաց հաղորդման համահեղինակ Նարեկ Մարգարյանը:
«Եվ հարմար գտան, որ մեր հաղորդաշարը ավելի շատ կհամապատասխանի ATV-ի ժամանցային ֆորմատին: Այնպես որ, ամեն ինչ նույն հունով ընթանում է, նոր թիմի հետ, ճիշտ է, բայց սկզբունքորեն ոչ մի բան չի փոխվել»,- ասաց նա:
Թեև ժամանակ առ ժամանակ հաղորդաշարում բացվում ու փակվում են նոր խորագրեր, նրա խոսքով, դա արվում է «հին սխալների վերլուծության ու շտկման հիման վրա»:
Փետրվարի 12-ից Հանրապետական կուսակցության աղմկահարույց նիստից ու հայտարարություններից հետո, ըստ Նարեկ Մարգարյանի, իրենց հաղորդման համար ոսկե ժամանակներ են սկսվել. որքան ասես նյութ ունեն հաղորդման համար:
«Ամեն անգամ, երբ քաղական իրավիճակը հետաքրքրանում է, ավելանում է հետաքրքրությունը դեպի մեր հաղորդում, դա կարելի է տեսնել թե՛ ռեյտինգներով, թե՛ Youtube-ում, ու մեզ համար է՛լ ավելի հեշտ է դառնում»,-ասաց նա։
Նարեկ Մարգարյանը «շատ զարմանալի» որակեց Լոս Անջելեսից «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը կուսակցությունում տիրող իրավիճակի կապակցությամբ:
«Դեռ կփորձենք հասկանալ` ինչի մասին էր, կփորձենք ապակոդավորել: Նաև ասեմ, որ շատ հետաքրքիր են «Բարգավաճ Հայաստան»–ի պատգամավորների` ԲՀԿ-ում այլևս չլինելու անհարինության մասին հայտարարությունները: Ու արդեն երեկվա հաղորդման մեջ մի քիչ խոսեցինք, որ շատ զարմանալի է, որ նրանք գնացին «Օրինաց երկիր», որտեղից մինչև այդ եկել էին»,– ասաց նա:
Նարեկ Մարգարյանը նաև ասաց, որ այս գործընթացն իրենք համեմատում են բջջային կապի օպերատորների ընտրության հետ, երբ կոդի մեկ թիվ փոխելով` նույն համարը թողնելով հաճախորդը դառնում է մեկ այլ բջջային կապի օպերատոր:










