«Լույսի պահապան» հեռուստանովելը ստիպում է հավատալ ինքդ քեզ, ոչ թե չար ուժերին. ռեժիսոր (լուսանկարներ)
«Լույսի պահապան» սերիալն առանձնանում է թեմատիկայի առումով. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Համլետ Համբարձումյանը:
«Սերիալի թեման ավելի ժողովրդական է, որը տարածված է մեր հասարակության մեջ, թեև իրականում չկա, բայց մարդիկ հավատում են դրան»,-ասաց նա և նշեց, որ խոսքը «թուղթուգրի» մասին է:
Ըստ ռեժիսորի՝ սերիալի նպատակն է ցույց տալ, որ այդպիսի հասկացողություն չկա, պարզապես մարդիկ հավատում են դրան. «Իրականում մարդու հավատքը ներսից է, մեր հավատքը, փրկությունը մեր Հայ առաքելական եկեղեցին է, ոչ թե այլ մոգական ուժեր պետք է մարդուն ստիպեն ինչ-որ բանի հավատալ: Մենք ժողովրդին ցանկանում ենք ասել՝ հավատա՛ ինքդ քեզ, հավատա՛ քո ներսին, ոչ թե չար ուժերին»։
Ռեժիսորն ասաց, որ դեռ պարզ չէ, թե սերիալը քանի սերիա է ունենալու և չցանկացավ բացել որոշ փակագծեր, որպեսզի հեռուստադիտողի համար հետաքրքրությունը չկորի:
Ինչ վերաբերում է սերիալների հասցեին հաճախ հնչող քննադատություններին, ապա նա ասաց, որ մեր հանրապետությունում ամեն ինչ է քննադատվում:
«Անկախ նրանից՝ լավ գործ անես, թե վատ, ճիշտ անես, թե սխալ, միևնույն է՝ գտնվելու են մարդիկ, որոնք քննադատելու են, դրա համար առանձնակի հուզվել կամ նեղվել պետք չէ»,-ասաց նա:
Համլետ Համբարձումյանը հույս հայտնեց, որ թեմատիկ առումով սերիալը շատ հանդիսատեսներ կունենա. «Կարծում եմ, որ դեռ երկար կգնանք»։
.jpg)













