Բոնդի մասին ֆիլմի հեղինակները հերքում են Մեքսիկայից 20 մլն դոլար ստանալու լուրերը

12:29 • 19.03.15

Հայտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի հեղինակները հերքում են Մեքսիկայից 20 միլիոն դոլար ստանալու վերաբերյալ տեղեկությունները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:

 

Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Sony և MGM ստուդիաները և «007: Սպեկտր» ֆիլմի պրոդյուսերները համաձայնել են ֆիլմի սյուժեում փոփոխություններ մտցնել՝ սուբսիդիա ստանալու համար: Նշվում է, որ Մեքսիկայի կառավարությունն առաջարկել է ֆինանսական միջոցներ տրամադրել ֆիլմում երկրի դրական կերպարի ստեղծման դիմաց:

 

Մեխիկոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պրոդյուսերներից մեկը՝ Մայքլ Ուիլսոնը, հերքել է այդ տեղեկությունը:

 

«Մենք ստանում ենք արտոնություններ՝ ուր էլ գնանք: Երբեմն դա հարկային արտոնություններ են, երբեմն՝ այլ տեսակի: Կոնկրետ այս դեպքում մենք ունենք մասնավոր ընկերություններ, որոնք միավորվել են համատեղ ձեռնարկության մեջ, որպեսզի աջակցեն այդ երկրում զբոսաշրջությանը»,- նշել է Ուիլսոնը: Նա հրաժարվել է բացահայտել գումարը, որը «Սպեկտրը» ստացել է այդ բիզնես խմբից:

 

Ուիլսոնը նաև հայտարարել է, որ սցենարի մեջ փոփոխություններ չեն մտցվել:

 

007 գործակալի մասին նոր ֆիլմի նկարահանումներն անցկացվում են Հռոմում և Լոնդոնում, ինչպես նաև Ավստրիայում և Մարոկկոյում: Ինչպես նշել է պրոդյուսերը, նկարահանման գործընթացի ամենադժվար պահը լինելու է Մեխիկոյում, որտեղ հետապնդման տեսարանին մասնակցելու է 1,5 հազար մարդ:

Բոնդի մասին ֆիլմի հեղինակները հերքում են Մեքսիկայից 20 մլն դոլար ստանալու լուրերը