Ինչպես Սթիվ Ջոբսը Apple-ը «նվիրեց» Թիմ Կուկին
Հրապարակվել են Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի հետ կապված հերթական բացահայտումները։ Այս անգամ երկրպագուները կարողացել են իմանալ, թե ինչպես է իրականում իրենց կուռքն ընկերությունը փոխանցել Թիմ Կուկին, գրում է ДНИ.ru-ն։
Պատմությունը, թե ինչպես է մահամերձ Ջոբսը Apple-ը փոխանցել Կուկին, ներկայացված է Becoming Steve Jobs: The Evolution Of a Reckless Upstart Into a Visionary Leader գրքում։ Կեսագրական գիրքը վաճառքում կհայտնվի մարտի 24-ին։ Այն գրել են լրագրող Բրենտ Շլենդերը, ով մի քանի անգամ հարցազրույց է վերցրել Ջոբսից և մտերիմ է եղել նրա հետ, և Ռիկ Տետզելին՝ գլխավոր խմբագիրը։
Պարզվել է, որ ընկերության ղեկավարը հոգ է տարել Կուկի մասին և նույնիսկ զանգահարել է նրա մայրիկին՝ հայտնելու, որ իր որդին շատ է աշխատում։
«Ես գիտեի՝ ինչպիսի կարևոր դեր էր նրա կյանքում կատարում ընտանիքը, և նա ցանկանում էր, որ ինձ մոտ նույնպես այդպես լինի։ Մի անգամ, երբ ես ընկղմվել էի աշխատանքի մեջ, նա զանգահարեց իմ մայրիկին։ Նա նույնիսկ չգիտեր նրա անունը, սակայն հույս ուներ, որ ինձ վրա դա ազդեցություն կունենա»,- պատմել է Կուկը։
Ընկերության ներկայիս ղեկավարը պատմել է նաև, թե ինչպես է Ջոբսը խնդրել իրեն ղեկավարել կայսրությունը։ Դա տեղի է ունեցել 2011թ. օգոստոսին՝ իր մահից մի քանի շաբաթ առաջ։
«Նա զանգահարեց և ասաց, որ ցանկանում է խոսել ինձ հետ կարևոր մի բանի մասին։ Այդ ժամանակ նա արդեն դուրս չէր գալիս տնից, ես շտապ գնացի նրա մոտ։ Երբ ես տուն մտա, նախամուտքից արդեն լսեցի, որ նա որոշել է՝ ես պետք է ղեկավարեմ ընկերությունը։ Դա շատ հետաքրքիր զրույց էր։ Այն ժամանակ ես կարծում էի, որ նա ավելի երկար կապրի»,- հիշել է Կուկը։










