Սեպտեմբերին Հռոմի պապը վերջին 20 տարում առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

00:19 • 19.03.15

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերին կայցելի Նյու Յորք և  ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նիստում: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է  համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը:


«Նորին սրբությունը ՄԱԿ-ի գրասենյակ կայցելի 2015-ի սեպտեմբերի 25-ին:  Այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նորին սրբությունը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի գլխավոր քարտուղարի և Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ», - ասել է Հաքը:


Վերջինիս խոսքով` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը վստահ է, որ Նորին սրբության այցը կոգեշնչի միջազգային հանրությանը` կրկնապատկելու ջանքերն արդարության, հանդուրժողականության և ըմբռնման ճանապարհով աշխարհի երկրների միջև համամարդկային արժեքների հասնելու համար:


Հռոմի պապի այցելությունը ՄԱԿ բավականին հազվադեպ երևույթ է: ԳԱ-ում Հռոմի պապի վերջին ելույթը տեղի է ունեցել 1995-ի հոկտեմբերի 5-ին, երբ ՄԱԿ-ի անդամ երկրներին իր խոսքն է հղել Հովհաննես Պողոս  II-ը:
 

 

Սեպտեմբերին Հռոմի պապը վերջին 20 տարում առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում