Ոչ մի երգչից գումար չեմ վերցրել, միշտ փորձել եմ վարձատրել մարդկանց, ովքեր օգնել են, որ իմ երգերը հնչեն. Մարինա Ալես Life.Panorama.am
Life.Panorama.am-ն այսօր զրուցել է երգահան-կոմպոզիտոր, թատերագետ Մարինա Ալեսի հետ:
-Դուք գրում եք երգերի և՛ խոսքերը, և՛ մեղեդին: Հետաքրքիր է, առաջին հերթին ո՞ր մուսան է այցելում՝ խոսքի՞, թե՞ երաժշտության:
-Միասին հաստատ չեն գալիս, միշտ կա մեկը, որն առաջինն է գալիս: Օրինակ, իմ նոր «Հայրեր-որդիներ» երգը ծնվեց այսպես. միացրեցի հեռուստացույցը և տեսա հարցազրույց Դավիթ Ամալյանի հետ: Դավիթն ասում էր. «Ես երջանիկ եմ, որ ես և որդիս ընդհանուր ընկերներ ունենք»: Հենց այդ պահին ծնվեց իմ երգը, որը կատարում է Դավիթ Ամալյանը: Իսկ «Պատրանքի թևով» երգի ժամանակ սկզբից երաժշտությունը եկավ, բավական երկար ժամանակ հետո գրվեցին բառերը, որոնց կարողացա տեղավորել այդ էմոցիոնալ երաժշտության մեջ: Այնպես որ, առաջինը միշտ թելադրողն է, երկրորդը պետք է փորձի համահունչ լինել:
-Երգեր նվիրե՞լ եք:
-Ես երբևիցե երգ չեմ վաճառել, միշտ նվիրել եմ: Ունեմ 5 հեղինակային ձայնասկավառակ: Ոչ մի գումար, ոչ մի երգչից չեմ վերցրել, ընդհակառակը, միշտ փորձել եմ վարձատրել այն մարդկանց, ովքեր օգնել են, որ իմ երգերը հնչեն: Դա ինձ տալիս է հնարավորություն՝ ընտրել, թե ո՞ւմ հետ եմ ցանկանում աշխատել, ով կատարի իմ երգը: Իհարկե, ցանկությունը պետք է երկկողմանի լինի: Ասեմ նաև, որ երբեք որևէ մեկին չեմ էլ արգելել իմ երգը կատարելու: Եթե ցանկանաք, ինքներդ էլ կարող եք երգել:
- Դուք ինձ զարմացրիք. այսօր, ով կարողանում է երկու բառ գրել, երկու հնչյուն միմյանց կապել, անմիջապես վաճառքի է հանում իր «ստեղծագործությունը»: Իսկ Ձեր գրած անթերի խոսքերով ու երաժշտությամբ շատ կլորիկ գումարներ կվաստակեիք: Բայց դուք, փաստորեն, բոլոր երգերը նվիրում եք:
-Գիտե՞ք, ինձ էլ է ինչ-որ մեկը վերևից նվիրում: Ես բավական հասուն հասակում այդ երգերն իմ սեղանի դարակից դուրս հանեցի ու հանձնեցի հանրությանը: Սա իմ ապրելու միջոցը չի, այլ իմ հոգու արտահայտչաձևերից մեկն է: Մարինա Ալեսը շոու-բիզնեսում չկա, երբևիցե որևիցե մեկի տեղը գրավելու հավակնություն չունի: Պարզապես, երբ ասելիք է կուտակվում, և հանդիսատեսն էլ ինձ կարոտած է լինում, ապա նոր գործեր եմ ստեղծում:
-Ինչպիսի՞ տրամադրության ժամանակ եք սիրում ստեղծագործել:
-Հաճախ, երբ ինձ ասում են, որ գիտեք, Ձեր երգերը տխուր են, ես անկեղծորեն պատասխանում եմ. «Երբ ուրախ եմ, այդ ժամանակ քեֆ եմ անում, երգ չեմ գրում»: Կան մարդիկ, որ կարող են, ես չեմ կարող:
Շարունակությունը՝ այստեղ։
http://life.panorama.am/hy/news/2015/03/28/marina-ales/322395










