Քեզ համար, Հայաստան. Բուենոս Այրեսը բացօթյա համերգով է ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը

20:17 • 29.03.15

Բուենոս Այրեսում կայացել է «Քեզ համար, Հայաստան» խորագրով համերգը` մաեստրո Սանտյագո Չոցուրյանի ղեկավարությամբ` նվիրված  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Քաղաքի հազարավոր բնակիչներ ներկա են գտնվել բացօթյա համերգին: 

Այս մասին հայտնում են Արգենտինայում հայկական կենտրոնի մամլո ծառայությունից։

«Սա պատմությունը հիշելու պահանջի և բողոքի ևս մեկ միջոց է», - ասել է Արգենտինայի Հայկական կենտրոնի մշակութային հարցերի և մամուլի պատասխանատու Կարլոս Մանուկյանը:

Արգենտինայում, ըստ Մանուկյանի, 120 000 հայ է բնակվում, ովքեր «հիշում են մարդկության դեմ կատարված հանցագործությանը զոհ դարձած իրենց նախնիներին»:

Համերգի ժամանակ ելույթ են ունեցել Մեծ սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Սանտյագո Չոցուրյանի ղեկավարությամբ, Ազգային երիտասարդական երգչախումբը` մաեստրո Նեստոր Զադոֆի ղեկավարությամբ:  Հատուկ ելույթով հանդես են եկել  Ալլա Ավետիսյանը  (սոպրանո), Մարսելո Գևորգյանը (տենոր), Լուրդես Ֆլուգելը (սոպրանո) և Գագիկ Գասպարյանը (դուդուկ): 

Ծրագրում` Ալան Հովհաննես (Խորհրդավոր լեռ), Առնո Բաբաջանյան (Վոկալիզ), Արամ Խաչատրյան (Վալս, Ադաջիո` «Սպարտակ» բալետից, Սուսերով պարը` «Գայանե» բալետից), Ալբերտո Խինաստերա (Մալամբո, ավարտական պար), Աստոր Պիացոլա (Լիբերտանգո), Ալբերտո Սպինետա, Շառլ Ազնավուրի  Pour toi Armenie  («Քեզ համար, Հայաստան»), Մոցարտ (Ave verum corpus, Ռեքվիեմ), Ջուզեպպե Վերդի (Ռեքվիեմ, Agnus Dei):

Քեզ համար, Հայաստան. Բուենոս Այրեսը բացօթյա համերգով է ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը