Թել Ավիվում գարեջուր պատրաստելու՝ 5000-ամյա եգիպտական սպասք են գտել
Թել Ավիվի կենտրոնում հնագիտական պեղումների ժամանակ, որն անցկացրել է Հնությունների ուսումնասիրման վարչությունը «Մաարիվ» կամրջի շրջանում գրասենյակային շենքի կառուցման վայրում, 5000-ամյա եգիպտական բնակավայրի ավերակներ են հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է newsru.com-ը` NEWSru Israel-ին հղումով, պեղումների ղեկավար Դիեգո Բարկանը հայտարարել է. «Մենք գտել ենք 17 ջրհոր, որոնք կիրառվում էին 5000-5500 տարի առաջ սննդամթերք պահելու համար: Տեղի մշակույթին բնորոշ խեցեգործական իրերի շարքում հայտնաբերվել է խեցե սպասք, որը ավանդաբար օգտագործվում էր Հին Եգիպտոսում: Այն օգտագործվում էր գարեջուր պատրաստելու համար»:
Նա նաև նշել է, որ սպասքի ամրությունն ապահովվում էր կավի մեջ ծղոտի հավելմամբ: Այդ մեթոդը բնորոշ էր միայն Եգիպտոսին: Նման սարք նախկինում հայտնաբերվել էին եգիպտական բնակավայրի պեղումների ժամանակ:










