Տիգրան Համասյանը համերգային ծրագրով հյուրընկալվել է UWC Դիլիջան քոլեջում
UWC Դիլիջան քոլեջը մարտի 28-ին հյուրընկալել է հայտնի ջազ երաժիշտ և դաշնակահար Տիգրան Համասյանին, ով հանդես եկավ ինքնատիպ համերգային ծրագրով, տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժինը:
Սա այս ամսվա ընթացքում երկրորդ համերգն է, որը կազմակերպվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և UWC Դիլիջան քոլեջի կողմից՝ նպատակ ունենալով նպաստել քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև քոլեջի ուսանողներին և քաղաքի ակտիվ երիտասարդությանը հնարավորություն ընձեռել վայելելու հայտնի երաժիշտ-կատարողների և խմբերի ելույթները:
«Առաջինը հանդես եկավ «Մեծ Բազար» երաժշտական խումբը, և մենք ուրախ ենք, որ այս շարքի համերգները ոգևորությամբ են ընդունվում թե քոլեջի սաների, թե քաղաքի երիտասարդ բնակիչների կողմից: Նման միջոցառումների կազմակերպումը մի կողմից քոլեջի ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ հայկական ժամանակակից մշակույթին, մյուս կողմից՝ քաղաքի երիտասարդությունը կարողանում է վայելել հայտնի երաժիշտների կատարումները: Կարծում ենք, Դիլիջանը, որտեղ IDeA հիմնադրամը խոշոր ծրագրեր է իրականացնում, ունի ներուժ դառնալու նաև մշակութային միջոցառումների անցկացման վայր»,- նշել է հիմնադրամի տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս համերգը քոլեջի ուսանողներն ու քաղաքի մյուս կրթական հաստատությունների երիտասարդներն ու համայնքային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներն ունկնդրել են համատեղ, ինչը նաև նպաստում է քոլեջի ուսանողության ու տեղի բնակիչների միջև շփումների սերտացմանը:
«Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս հենց այս քոլեջում, քանի որ միջազգային քոլեջի հիմնման ծրագիրը մեր երկրի ապագայի համար կարևոր նախագծերից է: Ուղերձը, որը փոխանցեցի, հենց երաժշտությունն է, ինչը սիրել և ստեղծագործել է սովորեցնում»,- համերգից հետո նշել է Տիգրան Համասյանը:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատևումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։












