Առաջին անգամ կցուցադրվի «Կոմիտաս. կարոտի կռունկ» ֆիլմ–ներկայացումը

18:10 • 29.03.15

«Համազգային վստահություն» խորհուրդը միանում է  «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո  անցկացվող Եղեռնի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքին և  2015թ մարտի 30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանրությանը կներկայացնի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացումը, տեղեկացնում է «Համազգային վստահություն» հանրային խորհուրդը։


Ֆիլմ-ներկայացումը (սցենարի հեղինակ, ռեժիսոր, երաժշտական խմբագիր, և Կոմիտասի դերակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ վարչապետի ոսկե և ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս»  մեդալակիր, ՀՀ հանրային հեռուստառադիոյի վաստակավոր խոսնակ-ասմունքող Ս. Նաջարյան) արտացոլում է Կոմիտաս մարդու, Կոմիտաս երգահանի, Կոմիտաս հոգևոր առաջնորդի, բանաստեղծի, հայրենասերի և փիլիսոփայի տարագիր կյանքի գեղեցիկ և միևնույն ժամանակ ողբերգական պահերը:


Ֆիլմ-ներկայացումը Կոմիտասի կերպարը ներկայացնում է այնպես, ինչպես այն եղել է իրականում՝ ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների, մտքի պայծառացումների և մթագնումների:


Այն դիտել են աշխարհի տարբեր երկրներում: Իր դաստիարակչական-ուսուցողական բնույթով այս ֆիլմ-ներկայացումը ուղերձ է երիտասարդ սերնդին ու նաև օտարազգիներին, որ, այո´, եղել է Հայոց ցեղասպանություն և այն պետք է ոչ միայն ընդունել, գիտենալ, այլ նաև դատապարտել և պահանջել:


«Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացումն արժեքավոր է իր փաստագրական-գեղարվեստական որակներով: Ներկայացումից հետո կանցկացվի  «Հայաստանը հոգու աչքերով» խորագրով 92-ամյա նկարիչ Գրիգոր Տեր-Ավագյանի ջրաներկ նկարների ցուցահանդեսը:


Նկարչի ստեղծագործություններն արժանացել են  պետական մրցանակի՝ «Ոսկե մեդալի»: Ցուցահանդեսի նպատակն է ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ դարերի փորձություն անցած և այսօր էլ արարող հայ միտքը,  հայ մշակույթը, խոսքն ու ձեռագիրը:


Հայաստանում «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի կունենա մարտի 30-ին ժ. 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Ֆիլմը կցուցադրվի նաև Վրաստանում, Ռուսաստանում և Լիբանանում: 

 

Առաջին անգամ կցուցադրվի «Կոմիտաս. կարոտի կռունկ» ֆիլմ–ներկայացումը