Լոնդոնի Ֆինբորո թատրոնում կհիշատակվի Հայոց ցեղասպանությունը

16:57 • 30.03.15

«Ցանկանում եմ մահանալ երգելով. Ձայներ Հայոց ցեղասպանությունից» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հաջորդ ամիս Լոնդոնի Ֆինբորո (Finborough) թատրոնում, հաղորդում է British Theatre Guide-ը:

Չորս շաբաթ թատրոնում ներկայացվող այս վավերագրական դրաման հիշատակում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Ինչպես նշում է British Theatre Guide-ը, Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մուսուլմանական պետությունում քրիստոնյա փոքրամասնության դեմ իրականացված հանցագործություն է: Մինչ օրս Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են ընդունել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել:

Պիեսը գրել է Ֆինբորոյի գեղարվեստական տնօրեն Նեյլ ՄքՖերսոնը: Այն ներառում է լուսանկարներ, երաժշտություն, Հայաստանի մեծ բանաստեղծներից պոեզիա և վերապրածների վկայություններ: Բեմադրության ռեժիսորն է Թոմո Ֆոուլերը, դերասաններն են Քեթի Բինչին, Ջիլի Բոնդը, Վևան Չելեստինեն, Սիու-Սի Հանգը, Թամար Կարապետյանը, Թոմ Մարշալը և Սիմոն Յադուն:

«Ցանկանում եմ մահանալ երգելով. Ձայներ Հայոց ցեղասպանությունից» դրաման Ֆինբորո թատրոնի բեմում կլինի ապրիլի 21-ից մինչև մայիսի 16-ը:

Լոնդոնի Ֆինբորո թատրոնում կհիշատակվի Հայոց ցեղասպանությունը