Օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնում մենահամերգի մասին նույնիսկ չէի էլ երազում. Մարիամ Մերաբովա

20:17 • 30.03.15

Հայաստանում է «Ռուսաստանի ձայնը» նախագծի ազգությամբ հայ մասնակից Մարիամ Մերաբովան, ով համերգով է հանդես գալու ապրիլի 5-ին Օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնում, իսկ մինչ այդ, ապրիլի 1-ին՝ բարեգործական համերգով Ստեփանակերտում:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մարիամ Մերաբովան նշեց, որ ինքը չէր կարող երազել, որ մի օր հանդես կգա Օպերայի ու բալետի թատրոնում. սա իր համար երազանք էր: «Ես նախկինում ելույթ ունեցել եմ նման բեմերում, բայց սա եզակի է, որ իմ սոլո համերգն է»,-ասաց նա:


Ինչպես նշեց Մարիամ Մերաբովան, թեև հայ հանդիսատեսը ավելի պահանջկոտ է, բայց նրա համար հայրենիքում երգելն ավելի հեշտ է:


Իսկ Հայաստանում երգչուհու ամենասիրելի վայրը իր բակն է, որտեղ անցել է մանկությունը: «Երկար ժամանակ չէի եղել Հայաստանում, ու տպավորվել էր մեջս թթի ծառը, հետո եկա Հայաստան ու տեսա մի փոքրիկ ծառ էր մնացել ու տխրեցի, որ մեծ ծառերը փոքրացել են»,-ասաց նա:


Անդրադառնալով «Ռուսաստանի ձայնը» նախագծին, երգչուհին նշեց, որ այն առաջինն էր ու երբևէ չէր մասնակցել որևէ վոկալային մրցույթի:


«Հոգեբանորեն շատ դժվար էր, լարվածությունը շատ մեծ էր ու գնալով ավելի էր մեծանում, քանի որ պատասխանատվությունն էր մեծանում: Այն իմ կարծիքով լավագույն նախագծերից է, և ես հուզվում էի չափազանց: Նշեմ, որ շատ լարված էր այն պահը, երբ սպասում էիր, որ ժյուրիի անդամներից մեկը շրջվի, քանի որ շատ էին հիանալի ձայն ունեցող մարդիկ, բայց ժյուրին այդպես էլ չէր շրջվում: Ուզում եմ նաև ասել, որ սա ազնիվ մրցույթ է, որքան էլ ճաշակային տարբերություններ լինեն, սա ազնիվ մրցույթ է, սա ասում է մարդ, որ եղել է ներսում»,- ասաց նա:


Երգչուհին նաև չորս անգամ մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթին՝ որպես բեքվոկալ, բայց եթե մի օր Ռուսաստանում որոշեն, որ ինքն է մասնակցելու մրցույթին, ապա սիրով կհամաձայնի:


«Եվրատեսիլի ռուսաստանյան կազմակերպիչները կատակում են՝ ասելով, որ եթե ես մասնակցեմ մի օր պետք է բոլոր այն երգիչները, որոնց բեքվոկալն եմ եղել, իմ բեքվոկալը լինեն»,- ասաց նա:

Օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնում մենահամերգի մասին նույնիսկ չէի էլ երազում. Մարիամ Մերաբովա