Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշոր ցուցադրություններ կբացվեն Փարիզում, Կալիֆորնիայում ու Մեքսիկայում

16:48 • 30.03.15

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում և Մեքսիկայում կբացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշոր ցուցադրություններ, որոնց ընթացքում կներկայացվեն բնօրինակ նյութեր, ցեղասպանության զոհ դարձած կամ վերապրածների անձնական իրեր, լուսանկարներ և այլ թանգարանային նմուշներ:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացումը, որը կրում է «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը և կգործի մինչև հուլիսի 4-ը:

«Շնորհակալություն Փարիզի քաղաքապետարանին մեզ նման բացառիկ հնարավորություն տալու համար՝ ներկայանալ Եվրոպայի կենտրոնում առանձին հավաքածուով: Երկու ամիս շարունակ եվրոպացիները հնարավորություն կունենալ տեսնել ցուցադրությունը: Այս ցուցադրության մեջ ընդգրկված են շուրջ 150 ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրը մարդկային ողբերգության այս կամ այն դրվագի մասին բացառիկ տեղեկություն են հաղորդում: Ցուցանմուշների մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն, որի բնօրինակներն առաջին անգամ ներկայացվելու են հենց Փարիզում»,-ասաց նա:

Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ հավաքածուի մեջ ընդգրկված են 1918թ-ին Կալիֆորնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և այլն:

«Այս ցուցադրության մեջ ներառված են նաև Փարիզի Նուբարյան գրադարանի փաստաթղթերն ու լուսանկարները: Ցուցադրությանն առնչվող չորս գրքերի թարգմանության ու տպագրության ծախսերը հոգացել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը»,-ասաց Հայկ Դեմոյանը:  

Կալիֆորնիայի խոշորագույն «Հրեական մշակութային կենտրոնում» ցուցադրությունը կբացվի ապրիլի 8-10-ը, իսկ Մեքսիկայի «Museo Memoria y Tolerancia» խոշորագույն սրահում՝ ապրիլի 16-ին:

«Բայց այսքանով չի ավարտվում, ցուցադրություններ են լինելու նաև Նյու-Յորքում, Վաշինգտոնում: Խոշոր ցուցադրություն է լինելու նաև Մոսկվայում, որը կկրի «Հայոց ցեղասպանությունը և ռուսական արձագանքը» խորագիրը: Այն կբացվի ապրիլի 20-23-ը, որի ընթացքում կներկայացվեն բնօրինակ ցուցանմուշներ: Բայց նշեմ, որ միայն ՌԴ-ում տասնյակ ցուցասրահներում ցուցադրություններ են արդեն կազմակերպվել»,-ասաց նա:

 

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշոր ցուցադրություններ կբացվեն Փարիզում, Կալիֆորնիայում ու Մեքսիկայում