Բրիտանացի պատմաբանը պնդում է, որ հայտնաբերել է Շեքսպիրի` կենդանության օրոք արված դիմանկարը
Բրիտանացի գիտնականը պնդում է, որ գտել է Ուիլյամ Շեքսպիրի իրական դիմանկարը` միակը, որը նկարվել է նրա կենդանության օրոք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` Country Life բրիտանական ամսագրին հղումով:
«Տղամարդու ոչ մեծ դիմանկարի միատոն փորագրությունը հայտնաբերվել է 16-րդ դարի բույսերի մասին գրքի տիտղոսաթերթին: Դա հենց դրամատուրգի դիմանկարն է», - պնդում է բուսաբան և պատմաբան Մարկ Գրիֆիթսը:
Գիտնականի կարծիքով` դիմանկարի Շեքսպիրին պատկանելությունը ցույց են տալիս հերալդիկ խորհրդանիշերը, ինչպես նաև՝ ծաղիկների գույնն ու խորհրդանիշը: Նա ընդգծում է, որ տղամարդը ձեռքում պահում է և շոտլանդական ծաղիկ և եգիպտացորենի հասկ, որոնք խորհրդանշում են Շեքսպիրի վաղ ստեղծագործությունները` «Վեներա և Ադոնիս» ու «Տիտոս Անդրոնիկոս»:
Ինչպես գրում է բրիտանական The Guardian-ը` նախկինում ևս որոշ դիմանկարներ վերագրվում էին Շեքսպիրին, սակայն այդ վարկածները հերքվել են:










