14 տարի շարունակ Դադիվանքը վերականգնելու աշխատանքներ են կատարվել, բայց դեռ անելիքներ կան. ճարտարապետ

16:31 • 19.05.15

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) նախագահ Սամվել Կարապետյանը և ճարտարապետ Սամվել Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ» գրքաշարի նորատիպ 17-րդ հատորը: Այն նվիրված է Դադիվանքի վերականգնման աշխատանքներին:


Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշեց, որ Դադիվանքը վերականգնելը ՀՃՈՒՀ լուսահոգի նախագահ Արմեն Հախնազարյանի գաղափարն է եղել:


«Երկու տասնյակից ավելի շինություններ կան Դադիվանքում, որոնց մեծ մասը պաշտամունքային շինություններ են: 14 տարիների ընթացքում աշխատանքներ են իրականացվում, ցավոք, դեռ աշխատանքներ կան, որ պետք է արվեն, բայց հիմնական մասն արվել է: Արմեն Հախնազարյանի մահից հետո աշխատանքների մեծ մասը դանդաղեցին: Կայուն, հիմնական ֆինանսավորում չկա»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ շարունակելով. «Եթե Քարվաճառը չազատագրվեր, Դադիվանքը լինելու էր Հին Ջուղա: Մեր սերունդն ազատագրեց Քարվաճառը, և մեր պարտքն էր վերականգնել Դադիվանքը և ներկայացնել նոր սերունդներին»:


Վանական համալիրի վերականգնման աշխատանքներին մասնակցած ճարտարապետ,  «Դադիվանքի վերականգնում 1997-2011 թթ» գրքի հեղինակ Սամվել Այվազյանն էլ հաստատեց, որ համալիրը ոչ բարվոք վիճակում է:


«Համալիրի բոլոր մասերը քայքայված, վնասված վիճակում են եղել: Իսկապես ճիշտ ծրագիր էր Արմեն Հախնազարյանի կողմից. ընտրել այն կառույցը, որն առավել վտանգված է: Հենց այդպես էլ եղավ, ընտրվեց գմբեթավոր այդ եկեղեցին, որը հենց մեջտեղից ճաք էր տվել»,-ասաց Սամվել Այվազյանը՝ հավաստելով, որ աշխատանքներն իրականացնելիս պահպանել են գիտական վերականգնման սկզբունքը:


Խոսելով նոր եկեղեցիներ կառուցելու մասին, ճարտարապետն ասաց, թե մարդկանց հավատքի տաճարներ պետք են, բայց պետք է այնպես անել, որ եղածը պահպանեն, հետո նոր միայն դրա վրա ավելացնեն նորը:

14 տարի շարունակ Դադիվանքը վերականգնելու աշխատանքներ են կատարվել, բայց դեռ անելիքներ կան. ճարտարապետ