Մոսկվայում կայանալիք կինոփառատոնում կներկայացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր

17:12 • 19.05.15

Մոսկովյան 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կներկայացվեն «Քրդական կինոյի ֆենոմենը», «Բուլղարիայի կինոյի 100-ամյակի կապակցությամբ», «Թուրքական կինոն երեկ և այսօր», «Ողբերգության էկրանային կերպարը. Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ» խորագրերով ծրագրեր, հայտնում է interfax-russia.ru-ն։

 

«Ողբերգության էկրանային կերպարը. Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ» ծրագիրը նվիրված է հայ ժողովրդի ողբերգությանը։

 

«Հայ ժողովրդի ողբերգությանը նվիրված ֆիլմերի ծրագիրը ներառում է այժմյան քաղաքական և մարդասիրական արդի խնդիրների ամենատարբեր ոլորտները, որոնք ներկայացված են տարբեր սերունդների և ազգությունների արվեստագետների և սոցիոլոգների տեսանկյունից»,- նշվում է փառատոնի մամուլի հաղորդագրությունում։

 

Հանդիսատեսին կներկայացվի Կառլա Կարապետյանի «Ճչացողները» վավերագրական ֆիլմը, որում 20-րդ դարի դեպքերը համադրված են համեմատաբար նոր դեպքերի հետ, որոնք տեղի են ունեցել Ռուանդայում և Դարֆուրում։

 

Կցուցադրվեն նաև դասականներ Հենրիկ Մալյանի «Նահապետը» և Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմերը։ Ռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյան լենդ» վավերագրական ֆիլմը կպատմի ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանի ուղևորության մասին իր հայ նախնիների հետքերով Թուրքիայում 1964-ին։

 

«Ներսես Հովհաննիսյանի «Հանդիպում ցուցադրության ժամանակ» կարճամետրաժ ֆիլմը բացահայտում է ճակատագրերի դրամատիզմը, որն ի հայտ է գալիս 1915-ին ցեղասպանության պատճառով բաժանված երկու եղբայրների ուշացած հանդիպման ժամանակ։ Հարյուրամյա վաղեմությամբ դեպքերի հանդեպ ժամանակակից հայացքն առաջարկում են Արտակ Իգիթյանը և Վահան Ստեփանյանը 2011թ. «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմում»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Մոսկովյան 37-րդ  միջազգային կինոփառատոնը կանցկացվի Մոսկվայում հունիսի 19-26-ը։

 

Մոսկվայում կայանալիք կինոփառատոնում կներկայացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր