Ինչու է գնալով պակասում թատրոնի հանդիսատեսը. պատասխանում են մասնագետները
Անցած, նախանցած տարիների համեմատ թատրոն այցելուների թվաքանակի նվազում է նկատվում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանը:
Նա նշեց, որ 2014 թվականին նախատեսել էին ունենալ 80 ներկայացումից ոչ պակաս ներկայացնում և 35 940 հանդիսատես, սակայն ունեցել են 92 ներկայացում և 37 259 հանդիսատես:
Ըստ նրա`հանդիսատեսի թվաքանակի նվազումը կապ ունի մարդկանց սոցիալական վիճակի, բնակչության թվաքանակի նվազման ու գովազդի պակասի հետ: Նա նշեց, որ իրենց թատրոնի տեղը բանուկ չէ, շատ քիչ մարդ է անցնում այդ տարածքով:
«Հիմնականում մտավորական խավն է գալիս թատրոն, և մենք գիտենք, որ այդ խավն ապրում է շատ ծանր վիճակում»,- ասաց նա և նշեց որ ունևորները հազվադեպ են գալիս թատրոն:
Նա նաև խնդիր տեսավ, որ տարիներ առաջ 8-րդից բարձր դասարանների աշակերտները մշտական հանդիսատեսի մի մասն էին կազմում, ինչը հիմա արգելվել է, սակայն դրանով դաստիարակվում էր վաղվա հանդիսատեսը, և թեև սկզբում դժվար էր նրանց հետ, սակայն հետո երեխաները սովորեցին նայել, ընկալել ներկայացումը: «Դա օգտակար է երեխաների համար նաև այն առումով, որ հիմա շատ քիչ են ընթերցում»,- ասաց նա:
Անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ մեր երկրում տարվում է Հայաստանն առանց հայերի քաղաքականություն: «Դա լավ ծրագրված գնում է առաջ: Վաղը մենք հանդիսատեսին ընդհանրապես ենք կորցնելու, որովհետև հրամայված է երեխաներին չբերել թատրոն»,- ասաց նա:
Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ պետք է նաև հանդիսատեսին գրավելու միջոցներ գտնել, փառատոներ կազմակերպել: Նա օրինակ բերեց, որ նախկինում հույները ներկայացման տոմսի հետ նաև հացի կտրոն էին տալիս, ինչը նպաստում էր հանդիսատեսի թվաքանակի աճին: «Թող հիմա թատրոնի տոմսը հազար դրամ չլինի, այլ հազար հարյուր դրամ»,- ասաց նա:










