Տոկիոյում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը

19:55 • 19.05.15

Մայիսի 19-ին Տոկիոյի «Դայկանյամա Հիլսայդ տերաս» միջոցառումների սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ճապոնական կոմիտեի աջակցությամբ մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը: Հյուրերին ներկայացնելով մշակութային շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումները՝ դեսպանը նշել է, որ Հայկական մշակույթի շաբաթը նպատակ ունի ճապոնացի հասարակությանն առավել ճանաչելի դարձնել Հայաստանը՝ իր պատմությամբ ու արվեստով: Նա գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ միջոցառմանը հայկական մշակույթը ներկայացվում է ոչ միայն հայ, այլև՝ ճապոնացի արվեստագետների աչքերով, ինչն արդեն իսկ հայ-ճապոնական մշակութային մերձեցման վկայություն է:


Մշակույթի շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են հայ և ճապոնացի ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, ինչպես նաև՝ Տոկիոյի տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Սասանոյի և Վասեդա համալսարանի պրոֆեսոր Մորիի՝ հայկական եկեղեցիները պատկերող լուսանկարները` «Հայկական քրիստոնեական ճարտարապետությունը» և «Այցելելով աշխարհի հայկական եկեղեցիներ» խորագրերով: Առանձին սրահում կներկայացվեն «Կյոտոյի Սեյկա» համալսարանի պատվավոր պրոֆեսոր Նագաոկայի աշխատանքները, ով արդեն մի քանի տարի է Հայաստանում ճապոնական Տակու-հոն մեթոդով պատճենագրում է հայկական խաչքարերը: Կցուցադրվեն նաև հայ երեխաների մի քանի տասնյակ աշխատանքներ: Հայոց ցեղասպանության տարիներին միջազգային մամուլի անդրադարձերի առաջին էջերի պատկերներով ճապոնացի հասարակությանը կներկայացվի աշխարհի արձագանքն ու վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը, կներառվեն նաև ճապոնական տպագիր նյութերի սակավաթիվ անդրադարձերը՝ հեղինակների կենսագրությամբ:


Մշակույթի շաբաթվա ընթացքում անցկացվելու են նաև Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև՝ հայ ճարտարապետության ավանդույթներին նվիրված դասախոսություններ ճապոնացի մասնագետների կողմից:


 

Տոկիոյում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը