Հնարավո՞ր է երբևէ վրեժ լուծել Ցեղասպանության համար. Քրիստոֆեր Ադամյանը` Էրիկ Պողոսյանի «Նեմեսիս գործողություն» գրքի մասին

22:30 • 02.06.15

Huffington Post-ի հայազգի հոդվածագիր Քրիստոֆեր Ադամյանը ներկայացրել է իր մտորումներն ու տպավորությունը ամերիկահայ դրամատուրգ, դերասան և սցենարիստ Էրիկ Պողոսյանի «Նեմեսիս գործողություն. վրեժխնդրություն Հայոց ցեղասպանության համար» գիրքն ընթերցելուց հետո:


«Նեմեսիս գործողությունը  վրեժխնդրության ուշագրավ ծրագիր էր` կազմակերպված լուծելու 1.5 մլն հայ զոհերի վրեժը` երիտթուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո: Հասարակական-քաղաքական գործիչ  Շահան Նաթալիի  (Յակոբ Տեր-Յակոբեան, (կեղծանունը՝ Նեմեսիս) ստեղծած «Նեմեսիս գործողություն» ծրագիրը ղեկավարվում էր Մասաչուսեթսից: Դրա նպատակն էր՝ վերացնել երիտթուրքերի  ղեկավարներին, ովքեր 1908-ին Սուլթան Աբդուլ Համիդից հետո ստեղծեցին «Միություն և առաջադիմություն կուսակցությունը», - ներկայացնում է Ադամյանը` ընդգծելով, որ ամեն դեպքում՝ պետք է զգուշանալ ցանկացած քաղաքական կուսակցությունից, որն օգտագործում է «առաջադիմություն» բառը:


Ինչպես նկատում է Ադամյանը` «Նեմեսիսի» համար վրեժխնդրության ծրագիրը հեշտ ու արագ չի եղել, սակայն մանրակրկիտ մտածված է եղել: Կես տասնամյակում երիտթուրքերի ղեկավարության գրեթե   ողջ կազմը վերացվեց:


«Պողոսյանի հրաշալի կերպով ներկայացված, միանգամայն ընթեռնելի գիրքը կարևորագույն հարցեր է բարձրացնում. ինչպե՞ս է «Նեմեսիս գործողության» իրական պատմությունն այսքան երկար ժամանակ թաքցվել, մինչդեռ հայտնի տարբերակի համաձայն` Սողոմոն Թեհլերյանը Թալեաթ փաշային սպանելիս ամբողջովին միայնակ է գործել», - գրում է Ադամյանը:


Կիսով չափ պատմական գործ և կիսով չափ դետեկտիվ պատմություն հանդիսացող ստեղծագործության վրա Էրիկ Պողոսյանը 7 տարի է աշխատել և 800 գիրք կարդացել հայ-թուրքական և Միջին Արևելքի պատմության վերաբերյալ:


 

 

Հնարավո՞ր է երբևէ վրեժ լուծել Ցեղասպանության համար. Քրիստոֆեր Ադամյանը` Էրիկ Պողոսյանի «Նեմեսիս գործողություն» գրքի մասին