«100 տարի անց» ներկայացումը ԱՄՆ-ում բուռն ընդունելության է արժանացել. ստեղծագործական խումբ
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջերս ԱՄՆ-ում է եղել Հայոց ցեղասպանությանը նվիրված «100 տարի անց» ներկայացումով:
Թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ ԱՄՆ-ում երեք անգամ ցուցադրվել է ներկայացումը, շատ լավ է անցել, նույնիսկ չեն էլ սպասել, որ այդպիսի ընդունելության կարժանանա:
Դերասան Արմեն Մարությանն էլ ասաց, որ այդ ներկայացումը նոր լուծում, նոր առաջարկ է անում, թե 100 տարի հետո ինչպես կարելի է շարունակել Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Ներկայացումն իրական փաստերի վրա է:
«Չգիտեմ, թե ռեժիսորի և հեղինակի՝ Պերճ Զեյթունցյանի և Տիգրան Գասպարյանի այս ներկայացումն ինչ հետագա կունենա, բայց այն լուրջ առաջարկ է պարունակում իր մեջ: Ե՛վ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում դահլիճները լեփ-լեցուն էին: Պարզվում է, որ ԱՄՆ-ում կարոտ են նման լուրջ ներկայացման: Ամբողջ դահլիճը լաց էր լինում, շատ բուռն ընդունելության արժանացավ»,-ասաց դերասան Արմեն Մարությանը:
«Իրենք էին ասում, որ կարոտ են լուրջ արվեստի: Ցավոք, այստեղից այնտեղ այնքան բաներ են գնում, բայց իրենք կրկնում էին, որ այսպիսի լուրջ ներկայացումների սով կա: Պետք է աշխատել որակի վրա, պետք է նայել, թե ինչ որակ ես մատուցում»,-ասաց Տիգրան Գասպարյանը՝ հիշեցնելով Պարույր Սևակի խոսքերը, թե՝ գնալ ժողովրդի ճաշակի հետևից, նշանակում է չծառայել ժողովրդին:
Երկու բանախոսներն էլ ասացին, թե շատ լավ կլիներ, որ ներկայացումը ցուցադրվեր նաև հայաշատ այլ երկրներում ևս, ինչի համար, սակայն, միջոցներ չկան:










